Ինձ հավատ չի ներշնչում այն, թե այս իշխանությունները կարող են փոփոխություններ անել, որ այլ մակարդակի գյուղապետեր լինեն. Ա. Սարգսյան
Եթե նախագահ Սերժ Սարգսյանը համայնքապետերի վերաբերյալ հայտարարությունն անում է ուղղակի հայտարարելու համար, ապա ոչ ոքի վստահություն չի ներշնչի, թե ապրիլից նոր Հայաստան է լինելու:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե այլևս չեն ներվելու ժողովրդի հաշվին հարստացող գյուղապետերը:
«Ասվում է՝ գիտեք ինչ՝ հայտնի է մեզ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում չարաշահումներ կան: Հստակ դատական գործ է դա: Ի՞նչ է նշանակում՝ հայտնի է, որ մինչև հիմա արել են և այլևս չանեք: Ամեն ընտրություններից առաջ ասում են, որ նոր խաղի կանոններ են սկսում, հիմա այդ խաղի կանոններում ո՛չ դեմքերը, ո՛չ մարդիկ չեն փոխվում»,-նշեց նա:
Պատգամավորն օրինակ բերեց տեղական ինքնակառավարման մարմինները ընտրությունները՝ թիրախավորելով կոնկրետ Վանաձորի քաղաքապետի ընտրությունը: Նրա գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը՝ համայնքապետերին ուղղված հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է համարում:
«Իմ կարծիքով՝ հանցագործության մասին հաղորդում էր սա, մանավանդ երբ ասվում է՝ այլևս ինձ ոչ ոք չմոտենա խնդրանքով: Այսինքն՝ մինչև այդ մոտեցել են խնդրանքով, դա առաջին դեմքի մոտեցում չէ: Այդ ամենն ինչի լուծումները պետք է նայել գլոբալի մեջ, նախ երկրի տնտեսությունը պետք է տեղից պոկել, ապա մանր ու միջին, ծանոթ-բարեկամ-ընկեր փոխհարաբերություններում խնդիրները փորձել լուծել, հարթել, դնել այլ մակարդակի վրա»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:
Միևնույն ժամանակ Արամ Սարգսյանը շեշտեց, որ իրեն հավատ չի ներշնչում այն, թե այս իշխանությունները կարող են փոփոխություններ անել, որպեսզի լինեն այլ մակարդակի գյուղապետեր:
«Եթե ոչինչ չի փոխվում, բայց ամեն ինչ ասվում է, ասվելով սայլը տեղից չի շարժվում, իսկ դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- եզրափակեց Արամ Սարգսյանը: