Գերմանացի միլիարդատեր Կառլ Էրիվան Հաուբին, որը մահացած է ճանաչվել 2018 թվականին՝ Ալպերում դահուկ քշելիս տարօրինակ կերպով անհետանալուց հետո, գտել են Մոսկվայում՝ սիրուհու հետ։ Այս մասին հայտնել է Daily Mail թերթը։
Նրա անհետացումից հետո իշխանությունները վեցօրյա որոնողական աշխատանքներ են սկսել, որի ընթացքում հինգ ուղղաթիռ և լեռնագնաց փրկարարներ խուզարկել են տարածքը, սակայն գործարարի մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել: Ենթադրյալ մահվան պահին նա 58 տարեկան էր, իսկ կարողությունը գնահատվում էր 6,4 մլրդ դոլար։
Հաուբը՝ գերմանական սուպերմարկետների և մանրածախ առևտրի հսկայի՝ Tengelmann Group-ի նախկին գործադիր տնօրենը և համասեփականատերը, անհետացումից երեք տարի անց Քյոլնի դատարանի կողմից մահացած է ճանաչվել. փաստացի նա մենակ է թողել կնոջը, երկու երեխային և մոտ 75,000 աշխատակցից բաղկացած ընկերությունը: Նրա կրտսեր եղբայր Քրիստիանը 2021-ին դատարանի դահլիճում երդվել է, որ ոչ մի նշան չկա առ այն, որ տղամարդը ողջ է:
Այնուամենայնիվ, գերմանական RTL հեռուստաալիքի և Stern ամսագրի լայնածավալ հետաքննությունը ցույց է տվել, որ «Հաուբն ապրում է Ռուսաստանի մայրաքաղաքում երիտասարդ սիրուհու՝ Վերոնիկա Երմիլովայի հետ»։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ կասկածելի անհետացումից առաջ երեք օրվա ընթացքում նա 13 անգամ զանգահարել է այդ կնոջը. զանգերից մեկը տևել է ավելի քան մեկ ժամ: Դա հանգեցրել է ենթադրությունների առ այն, որ միլիարդատերը պատրաստվում էր ռուս կնոջ օգնությամբ կեղծել իր մահը:
Քննիչների խոսքով՝ Երմիլովան Սանկտ Պետերբուրգում ղեկավարել է միջոցառումների գործակալություն, որը կազմակերպել է դահուկներով, արշավներով և լեռնագնացությամբ էքսկուրսիաներ էնտուզիաստների համար: Նա նաև կասկածվում է ՌԴ ԱԴԾ-ի հետ կապեր ունենալու համար։ Միևնույն ժամանակ, հետաքննությունն ընդգծել է, որ դա «ապացուցել չի կարող»։ Նշվում է, որ նրանք միասին եղել են Մոսկվայում և Սոչիում 2008-ին, իսկ 2009-ին երկուսն էլ նույն Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ գիշերային գնացքով են ուղևորվել՝ ճիշտ է տարբեր կուպեներով։ Ուղևորությունները պատվիրվել են նույն ժամին և նույն անձի կողմից:Ըստ RTL-ի լրագրող Լիվ ֆոն Բեթիչերի՝ Հաուբի անհետացումը և հայտնվելը Ռուսաստանում կարող է լինել նրա ստվերային բիզնես գործարքների հետևանք։ Հեռուստաալիքի մեկ այլ լրագրող ենթադրել է, որ միլիարդատերը կարող է աշխատել Ռուսաստանի համար: