Պուգաչովան նկատողություն է արել Բիլանին Սամարայի համերգի շուրջ ստեղծված սկանդալից հետո
Ռուսական էստրադայի «պրիմադոննա» Ալլա Պուգաչովան նկատողություն է արել Դիմա Բիլանին, երբ վերջինս սոցցանցում գրառում է կատարել՝ հերթական անգամ ներողություն խնդրելով սամարացի երկրպագուներից սկանդալային ելույթի համար:
Ինչպես գրում է РИА Новости-ն, երգչուհին, մեկնաբանություն անելով Բիլանի գրառման տակ, գրել է. «Բավական է այդ մասին»: Բիլանն էլ, պատասխանելով պրիմադոննայի գրառմանը, նշել է. «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Այդ պատճառով էլ գրել եմ, որ շրջում եմ այս էջը, և ինքս այլևս չեմ անդրադառնա դրան»:
Հետևորդներից շատերը համաձայնել են այն մտքին, որ պետք է վերջ տալ Բիլանի ելույթի մասին խոսակցություններին, սակայն ոմանք էլ բացասական են արձագանքել Պուգաչովայի գրառմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Բիլանը Սամարայում կայանալիք համերգին ներկայացել էր ոչ սթափ վիճակում և իրեն բեմի վրա ոչ պատշաճ կերպով էր դրսևորել: Ավելի ուշ երգիչը ներողություն էր խնդրել հանդիսատեսից, իսկ նախօրեին անվճար համերգ էր տվել Սամարայի բնակիչների համար, ինչպես նաև մանկական խաղահրապարակ էր նվիրել քաղաքին: