Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալու Բաց երկնքի մասին պայմանագրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա Բաց երկնքի մասին պայմանագրից, սակայն դրա վերականգնումը հնարավոր է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Թրամփի հայտարարությունը:
«Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենք, սակայն Ռուսաստանը հավատարիմ չի մնացել պայմանագրին: Այդ իսկ պատճառով, քանի դեռ նրանք հավատրիմ չեն, մենք դուրս կգանք: Սակայն շատ լավ հնարավորություն կա, որ մենք կարող ենք հասնել նոր համաձայնագրի կամ ինչ-որ բան կանենք, որպեսզի կրկին միասին վերադարձնենք այդ համաձայնագիրը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, իր հերթին, հայտնել է, որ Մոսկվայի կողմից պայմանագրի որևէ խախտում չի եղել:
«Մենք հերքում ենք հիմնադրար համաձայնագրից դուրս գալը ինչ-որ տեխնիկական խնդիրների առկայությամբ արդարացնելու ցանկացած փորձ: Ոչինչ չի խանգարում տեխնիկական խնդիրները քննարկել, որոնք ԱՄՆ-ն այսօր փորձում է ներկայացնել որպես խախտումներ Ռուսաստանի կողմից»,- ասել է ռուս դիվանագետը:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին և դարձել Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցառումներից մեկը սառը պատերազմից հետո: Այն գործում է 2002 թվականից և թույլ է տալիս մասնակից երկրներին բացեիբաց տեղեկություն հավաքել միմյան զինված ուժերի մասին: Պայմանագիրը ստորագրել են 34 երկրներ: