Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծումներ ստանում. Մանե Թանդիլյանը` նախարարի պաշտոնում մնալու մասին (տեսանյութ)
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանը, անդրադառնալով իր հրաժարականի դիմումի՝ վարչապետի չընդունելուն և պաշտոնավարումը շարունակելուն, նախ ասաց, որ չի կարծում, թե պաշտոնավարելու որոշումը սկզբունքային քայլ չէ։
«Սկբունքայնությունն ունի նպատակ՝ բարեփոխել օրենքը, և եթե քայլեր կան, որոնք ծառայելու են բարեփոխելու նպատակին, ապա դա է առաջնայինը: Բազմաթիվ անգամներ եմ ասել՝ պետության շահն առաջնային է ինձ համար, առաջնային է կուտակային համակարգի՝ այնպիսի տեսքով ներդրումը, որն ընդունելի կլինի լայն հասարակության համար»,-ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է նախագիծ ներկայացնելուն և հարցին, թե այնտեղ լինելո՞ւ է պարտադիր բաղադրիչը, նախարարն ասաց, որ կներկայացնի նախագիծը, պարզ կլինի: Նա նշեց, որ հանրության հետ քննարկումներ կլինեն, և նախագիծը կլինի հասկանալի ու ընկալելի։
«Անհրաժեշտություն կա, որ համակարգը ներդրվի այն տեսքով, որ նոր միացողների համար ընդունելի լինի, սակայն ունենք պայմանավորվածություն վարչապետի հետ, որ աշխատանքները շարունակվեն՝ դիտարկելով նաև իրավական կողմը: Մենք պետք է բերենք այն տեսքի, որ հանրության համար ընդունելի լինի»,- ասաց նա և կարևորեց, որ մարդկանց կամաարտահայտությունը ներկայացվի։
Նախարարն ասաց, որ նախատեսում են մաքսիմալ սեղմ ժամկետներում քննարկումներ սկսել: «Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծումներ ստանում: Նորից եմ ասում, որ կենսաթոշակային համակարգը սոցիալական ոլորտի ամենամեծ խնդիրը չէ, այլ խնդիրներ ևս կան։ Հանդիպելու եմ այն մարդկանց հետ, որոնք, փաստացի, առաջարկներ ունեն, կամփոփենք և կունենանք այնպիսի պատկեր, որ լինի ընդունելի տարբերակ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ կառավարության ներկայացրած նախագծի պատճառով: Նշենք նաև, որ խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, իսկ այսօր ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։