Ինչպես էին Հիտլերն ու նացիստական կուսակցության մյուս անդամները տոնում Սուրբ Ծնունդը (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ արխիվային կադրեր, որոնք արվել են 1933-1944թթ. ընթացքում ու ցույց են տալիս՝ ինչպես են ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, նրա մտերիմներն ու գաղափարակիցները, այդ թվում՝ նաև Յոզեֆ Գեբելսն ու Հերման Գյորինգը, մասնակցում սուրբծննդյան տոնակատարություններին:
Տեսանյութում երևում են շան հետ խաղացող, երեխաներին ժպտացող Հիտլերը, հավաքվածներին նվերներ բաժանող Գեբելսը: Աղբյուրը նկատում է, որ ֆաշիստական Գերմանիայի կառավարությունը խրախուսում էր Սուրբ Ծնունդը նշելու ավանդույթը թե՛ երկրում, թե՛ Գերմանիայի իշխանության տակ գտնվող այլ տարածքներում:
Այնուհանդերձ՝ տոնից հրեական արմատները ջնջելու ու այն ֆաշիստական ծայրահեղական գաղափարախոսությանը համապատասխանեցնելու համար գերմանական իշխանությունները տոնը սկսեցին անվանել «Julfest»՝ նշելով, որ դա նախաքրիստոնեական գերմանական տոն է` նվիրված ձմեռային արևադարձին:
Բացի այդ, նրանք պնդում էին, որ սվաստիկան արևի հնագույն խորհրդանիշն է, ու կոչ էին անում գերմանացիներին աստղի փոխարեն դրանով զարդարել տոնածառի գագաթը:
Մինչդեռ քարոզչական պաստառներում մանուկ Հիսուսն ու Մարիամ Աստվածածինը պատկերված էին որպես շիկահեր գերմանացի մայր ու որդի: