Խաղաղ օվկիանոսի հարավում անհետացած երեք նավաստին փրկվել են Help («օգնություն») բառի շնորհիվ, որը նրանք արմավենու տերևներով «գրել են» կղզու ափի ավազին։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության Հավայան մասնաճյուղը, գրում է BBC-ն։
Փրկարարական գործողությունն իրականացվել է ապրիլի 9-ին։ ԱՄՆ առափնյա պահպանության տվյալներով՝ երեք տղամարդ ձկնորսություն էին անում Միկրոնեզիայի Պիկելոտ կղզու մոտակայքում։ Ուժեղ ալիքների պատճառով նրանց նավի շարժիչը վնասվել է։ Ձկնորսներին հաջողվել է հասնել անմարդաբնակ Պիկելոտի ափ, սակայն նրանց ռադիոն անջատվել է, և նրանք չեն հասցրել օգնություն կանչել։
Նրանք կղզում հավաքել են արմավենու տերևներ, որոնցով ծովափին «գրել են» HELP և սպասել օգնության:
Կղզում հայտնվածներն ավելի քան մեկ շաբաթ սնվել են կոկոսի միջուկով։ Բացի այդ, Պիկելոտում եղել է փոքրիկ ջրհոր՝ քաղցրահամ ջրով, որը նախատեսված էր նավաստիների համար, որոնք երբեմն ձկնորսություն են անում այդ տարածքում։
Տղամարդկանց հարազատները ապրիլի 6-ին կապ են հաստատել փրկարարների հետ, որից հետո սկսվել են որոնողական աշխատանքները։ Նավաստիներին հայտնաբերել է Ճապոնիայի ավիաբազայից ուղարկված ամերիկյան հետախուզական ինքնաթիռը, որի օդաչուն նկատել է HELP բառը։ Սա որոշիչ դեր է խաղացել փրկության գործում, ասել է որոնողափրկարարական համակարգող լեյտենանտ Չելսի Գարսիան: