Մասնավոր կլինիկան, որտեղ հունվարին վիրահատվել էր Ուելսի արքայադուստր Քեյք Միդլթոնը, սկանդալի կենտրոնում է հայտնվել. կլինիկայի աշխատողներից առվազն մեկ հոգի փորձել է տեղեկություն կորզել նրա բժշկական փաստաթղթղերի վերաբերյալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, The London Clinic-ն անհապաղ հետաքննություն է սկսել՝ պարզելու եղելությունը: Միևնույն ժամանակ կլինիկայից հրաժարվել են մեկնաբանել՝ արդյոք պատասխանատու աշխատակիցը հեռացվել է, թե շարունակում է աշխատել այնտեղ:
Միևնույն ժամանակ, կլինիկայի աղբյուրները պատմել են, որ անձնակազմը «ցնցված և հուզված է»՝ իմանալով, որ «վստահելի գործընկերը» կարող էր «վստահության և էթիկայի նման խախտում» կատարել:
Նշվում է, որ արքայադուստրը տեղյակ է այս մասին, մինչդեռ Քենսինգթոնյան պալատի խոսնակն ասել է, որ «սա կլինիկայի խնդիրն է»:
Հայտնի է, որ հիվանդանոցի ղեկավարները կապ են հաստատել Քենսինգթոնյան պալատի հետ և հավաստիացրել են, որ լիարժեք հետաքննություն կանցկացվի:
Հիշեցնենք, որ Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնին հունվարին տեղի ունեցած վիրահատությունից հետո առաջին անգամ նկատել են հանրային վայրում: Թագավորական ընտանիքի անդամն անցած հանգստյան օրերին այցելել է Windsor Farm Shop, որտեղ ամուսնու՝ գահաժառանգ արքայազն Ուիլյամի հետ գնումներ է արել:
Նշվում է, որ Միդլթոնը, չնայած առողջական վիճակի հետ կապված բոլոր շահարկումներին, առողջ, երջանիկ և հանգստացած տեսք է ունեցել: Պարբերականը նկատում է, որ Ուիլյամն ու Քեյթը վերջին շաբաթների ընթացքում խորապես ընկճված էին սոցիալական մեդիայում Քեյթի առողջության և գտնվելու վայրի մասին բամբասանքների ու շահարկումների պատճառով: