Ռուսաստանը փորձում է զսպել Ադրբեջանին. քաղաքագետը Զախարովայի հայտարարության մասին
Պետք է միանշանակ պատկերացնել, որ Ռուսաստանն արտաքին քաղաքականության իմաստով, միշտ չէ, որ միատարր է. անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն է հրաժարվել շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրումից, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
«Ռուսաստանը միատարր և միաբևեռ է ներքին քաղաքականության պարագայում, բայց արտաքին քաղաքականությունը ձևավորվում է բազմաթիվ պուտինամետ կլանների, խմբավորումների շահերից ելնելով, և, բնականաբար, դրանց մեջ մի մաս կա, որ չի ցանկանում կորցնել Հայաստանը, բայց մի խումբ էլ կա, որ առավել կողմ է Ադրբեջանի հետ համագործակցությանը»,- նկատեց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը նշել էր, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը մեխանիզմի ստեղծման շուրջ համաձայնություն չի ձեռք բերվել ադրբեջանական կողմի պատճառով:
Նա պատմել էր, որ զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի գաղափարի հեղինակը Ռուսաստանի Դաշնությունն է եղել՝ դեռևս 2011-ին՝ Սոչիում կայացած հանդիպմանը։ Նա նաև ներկայացրել է, որ ապրիլից հետո Ադրբեջանը պնդում էր, որ միջադեպերի հետաքննության կարիք չկա, քանի որ հակամարտության գոտում իրավիճակը այդ պահի դրությամբ կայուն էր:
«Արդյունքում՝ մեխանիզմի ստեղծման թեման չի արտահայտվել Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում հրապարակված նախագահների հայտարարությունում: Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը ակտուալ է մնում»,- ասել էր Մարիա Զախարովան։
Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նշեց. «Ես չեմ կարող բացատրել, թե ինչու է Ռուսաստանն այսքան զայրացած, թերևս իրենք հիմա Ռուսաստանի շահերից ելնելով անցանկալի են համարում ներկա փուլում իրավիճակի թեժացումը, որը կարող է հղի լինել նոր պատերազմի բռնկմամբ»։
Նրա դիտարկմամբ՝ ապրիլյան շատ դառը փորձառությունից հետո Ռուսաստանը, իր շահերից ելնելով, փորձում է զսպել Ադրբեջանին. «Այդպիսի անմարմին հայտարարություններով փորձում է Հայաստանի դեմ նոր ագրեսիան կանխել»։
Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանն այս պահին պատրաստ չէ նորից արտոնելու Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, այն ժամանակվա արտոնությունը Ռուսաստանի կողմից ներկա պահին չկա։
«Ըստ այդմ, վերջին լարվածության ֆոնին Զախարովայի հայտարարությունն ընթացիկ արձագանք էր լարվածությանը, զորավարժություններին, Պակիստանից մեծ խմբաքանակով զենքի գնմանը և այլն»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։