«Մայդան»-ի մասնակիցները Կիևի կենտրոնում գրասենյակ են ջարդուփշուր արել
Կիևի «Մայդան» հրապարակում այսօր կազմակերպված «վեչեից» հետո մասնակիցներից ոմանք ջարդուփշուր են արել քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակներից մեկը` պնդելով, որ դա «Ուկրաինական ընտրության» առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկի գրասենյակն է։
Ինչպես նշում է Korrespondent-ը, պատուհաններից ներս նետված ծխացող ռումբերի պատճառով հրդեհ է բռնկվել, որը մարել են դեպքի վայր ժամանած հրշեջները: Ակտիվիստները նույնպես փորձել են մարել հրդեհը մինչև հրշեջների ժամանումը, ինչից հետո վերադարձել են «Մայդան»:
Աղբյուրը մանրամասնում է, որ այդուհանդերձ ցուցարարները համոզված չեն, որ դա հենց Մեդվեդչուկի գրասենյակն է: «Կարող ենք սխալված լինել»,-ասել է նրանցից մեկը:
Նշվում է, որ ոստիկանությունը չի միջամտել, երբ ակտիվիստները ջարդուփշուր են արել շինությունը: