Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ալ-Ահլի»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա հարձակվողն այս ամառ դարձավ ազատ գործակալ՝ «Լիվերպուլի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, որին նա միացել էր 2015 թվականին գերմանական «Հոֆենհայմից»: Ռոբերտո Ֆիրմինոն բոլոր մրցաշարերում «կարմիրների» կազմում անցկացրել է 362 հանդիպում՝ դառնալով 111 գոլի և 72 գոլային փոխանցման հեղինակ։
Մերսիսայդյան ակումբի հետ բրազիլացին հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի գավաթը, լիգայի գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը «Ալ-Ահլին» պաշտոնապես հայտարարեց Ֆիրմինոյի տեղափոխության մասին։ Հարձակվողն ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։