Ամերիկացի զինվորականները Ատլանտյան օվկիանոսի վրա՝ ԱՄՆ-ի արևելյան ափերի մոտ, խոցել են չինական լրտեսական օդապարիկը, որի մասին լրատվամիջոցները գրել էին ուրբաթ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Նրա խոսքով՝ օդապարիկի ոչնչացմանն անձամբ հավանություն է տվել նախագահ Ջո Բայդենը։
Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ զինվորականները խոցել են չինական օդապարիկը, երբ այն գտնվում էր արևելյան ափի հատվածում՝ Կարոլինյան կղզիների մոտ:
«Չինաստանն իր խիստ դժգոհությունն ու բողոքն է հայտնել այս որոշման դեմ՝ մեղադրելով Միացյալ Նահանգներին չափազանց կոշտ արձագանքման և միջազգային պրակտիկայի լուրջ խախտման համար: Չինաստանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ օդապարիկը քաղաքացիական օգտագործման համար էր և որ ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով է սխալմամբ մտել Միացյալ Նահանգների օդային տարածք»,- ասվում է նյութում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ կառավարությունը մի քանի օր երկրի հյուսիսային մասում հետևում է հետախուզական օդապարիկին: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ 3 ավտոբուսի մեծությամբ օդապարիկը արձակել է Չինաստանը: Օդապարիկը հայտնաբերել են չորեքշաբթի՝ հունվարի 31-ին, Մոնտանայի Բիլինգս քաղաքի երկնքում, նա թռել-անցել է նաև Ալեուտյան կղզիների և Կանադայի վրայով։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2022 թվականի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պատալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայվան, որը Չինաստանի իշխանությունները համարում են իրենց տարածքը։ Հունվարին ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային շարժունակության հրամանատարության ղեկավար Մայք Մինիհանը կանխատեսել է ուղիղ բախում Չինաստանի հետ 2025 թվականին։