ԱՄՆ Պետքարտուղարը Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել.այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Լուի Լ․ Բոնոն:
«Բոնոն կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ, որպեսզի առաջ մղի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացն ու արձագանքի Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքների օկուպացմանը»,֊հայտարարել է Էնթոնի Բլինքենը: Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համապարփակ պայմանագրի կնքման, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն աջակցելու հանձնառությանը»:
Պետքարտուղարը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությունը խթանելու համար դիվանագետը կհամագործակցի Նահանգների հետ համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ։
Մինչ այս պաշտոնում նշանակվելը Լուի Բոնոն ԱՄՆ ներկայացուցիչն էր ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի գործակալությունում, ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը Սուրբ աթոռում։ Դիվանագետը աշխատել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում, ապա ԱՄՆ փոխպետքարտուղարությունում՝ որպես փոխպետքարտուղարի՝ տնտեսական հարցերով խորհրդական։
Բոնոն փոխարինում է Ֆիլիպ Ռիքերին, ով Պետքարտուղարի կովկասյան գծով ավագ խորհդական էր նշանակվել անցած տարվա օգոստոսին, և մոտ չորս ամսվա ծառայությունից հետո`այս տարեսկզբին, հեռացել: Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը միաժամանակ ընդգծել էր, որ նրա պաշտոնանկությունը «ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու՝ ԱՄՆ հանձնառությունը»։