Մեծ Բրիտանիայի Դոնքասթեր քաղաքում գտնվող Askern Medical Practice բուժհաստատությունը, որն ունի մոտ 8000 հիվանդ, դեկտեմբերի 23-ին պատահաբար քաղցկեղի ագրեսիվ տեսակի ախտորոշման մասին ծանուցում է ուղարկել նրանցից շատերին: Տեքստը հասցեատերերին տեղեկացրել է, որ նրանք ունեն «թոքերի ագրեսիվ քաղցկեղ՝ մետաստազներով» և նրանց խորհուրդ էր տրվում լրացնել հատուկ ձևաթուղթ մահացու հիվանդություններ ունեցող մարդկանց համար, գրում է Oddity Central-ը։
Ինչպես կարելի է պատկերացնել, գրում է աղբյուրը, շատ հասցեատերերի համար տեքստն իսկական սարսափ է եղել: Ոմանք իրականում վերջերս էին անցել տարբեր թեստեր և սպասում էին պատասխաններին, ուստի իմանալը, որ նրանք ունեն ագրեսիվ քաղցկեղ, սարսափելի է եղել:
Գույժով տեքստը ստանալուց անմիջապես հետո խուճապի մատնված հիվանդները սկսել են զանգահարել Askern Medical Practice: Բարեբախտաբար, մեկ ժամ անց բոլորին ուղարկվել է երկրորդ հաղորդագրությունը, որում ասվում էր, որ առաջինը սխալ է եղել:
Այս խառնաշփոթի պատճառն այն էր, որ Askern Medical Practice-ը մտադիր էր ավտոմատացված «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» հաղորդագրություն ուղարկել իր հաճախորդներին, բայց ինչ-որ կերպ դրա փոխարեն ուղարկվել է թոքերի ագրեսիվ քաղցկեղի մասին ծանուցումը: