Դեկտեմբերի 19-ի երեկոյան մի խումբ անձինք հարձակվել են Լոնդոնում Բելառուսի դեսպանատան վրա և ծանր մարմնական վնասվածքներ պատճառել դիվանագետներից մեկին, հայտնել են Բելառուսի արտաքին գործերի նախարարությունից։
«Նախ մի խումբ անձինք վնասել են կառույցի ճակատային մասը, իսկ հետո դեպքի վայր ժամանած բելառուս դիվանագետները ենթարկվել են ֆիզիկական հարձակման։ Նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել և շտապ բուժօգնություն կարիք է առաջացել։ Առողջապահական հաստատությունում ախտորոշվել է քթի կոտրվածք, ուղեղի թեթև ցնցում և ատամի տրավմատիկ կոտրվածք»,- հայտնել են ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ն հարձակվողներին անվանել է «արմատականներ»։ Նախարարությունը նշել է, որ այդ մարդիկ, իբր, ներառված են արմատական էմիգրացիոն խմբավորման մեջ։ Միջադեպի կապակցությամբ հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և խիստ բողոքի հայտնել՝ պահանջելով հետաքննել կատարվածը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։