«Հայաստան» դաշինքը կարող է կոալիցիա կազմել այլ ընդդիմադիրների հետ, եթե դրա կարիքը լինի, և ձևավորել իշխանություն. վերջին սոցհարցումների արդյունքներով՝ «Հայաստանի» աջակիցների թիվն աճում է, Փաշինյանի համակիրներինը՝ կրճատվում, այսինքն՝ հանրության մեջ բուժման գործընթաց է սկսվել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայաստան» դաշինքի անդամ, քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը:
«Իշխանությունը պետք է ողջամտություն ցուցաբերի և չփորձի նկարել ընտրությունների արդյունքը, նրանք չեն կարող մեծամասնություն ստանալ: Իրական կյանքը և վարչապետի պաշտոնակատարի խոսքերն իրար չեն համապատասխանում, նա չի կարող հաղթել այս ընտրություններում: Եթե ամիսներ առաջ ասում էին, թե նա կարող է առաջին տեղ զբաղեցնել, հիմա դա բացառվում է: Եթե ընտրությունը հետաձգեն, ակնհայտ կդառնա, որ իշխանությունը գործում է Ալիևի հետ համատեղ, քանի որ ռազմական դրություն հաստատելու համար
Ադրբեջանը պետք է ինչ-որ քայլեր անի»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Ըստ Խալաթյանի՝ նույնիսկ Ալիևն է վախենում, որ Փաշինյանը չի վերընտրվի, և փորձում է նրանից առավելագույնը ստանալ՝ հասկանալով, որ ինչ էլ հիմա վերցնի Հայաստանից, հետո դրա շուրջ առևտուր է գնալու. «Եթե Փաշինյանը փորձի ռազմական դրություն մտցնել և ընտրությունը հետաձգել, մեր հանրությանը պարզ կդառնա, որ նրա միակ կոալիցիոն դաշնակիցն Իլհամ Ալիևն է: Ռոբերտ Քոչարյանը, ապացուցելու համար, որ մեր թիմն ի զորու է իր ծրագիրն իրականացնելու, սեփական հակաճգնաժամային կառավարման փորձն է ներկայացնում»:
Քաղաքական գործչի կարծիքով՝ հանրությունը պատրաստվում է ընտրություններին և մտադիր է իշխանափոխության հարցը լուծել քվեարկության միջոցով, ոչ թե ներքին ցնցումներով ու բախումներով. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ մենք հսկայական տարածքներ առանց մեկ կրակոցի հանձնեցինք թշնամուն, բայց հուսով ենք՝ մինչև հունիսի 20-ը նա Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթուղթ չի հասցնի ստորագրել: Նա պաշտոնակատար է, իրավունք չունի նման բան ստորագրելու»:
Հայկ Խալաթյանի պնդմամբ՝ նոր բանակցային գործընթացում պետք է բարձրացվի ինչպես բանավոր պայմանավորվածությամբ սահմանների ճշգրտման անթույլատրելիության, այնպես էլ գերիների վերադարձի հարցը: «Այն ուժային կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր են ապահովել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, տեսնում են, որ Փաշինյանը չի հաղթելու, և պետք է զբաղվեն իրենց բուն պարտականություններով: Թշնամին հասկանում է, որ այս իշխանությունը չի կարողանում պաշտպանել սեփական պետության սահմանները: Թշնամին ակնկալում է, որ մենք իրեն ինչ-որ բան պիտի զիջենք, որի դիմաց իրենք դուրս կգան մեր տարածքից: Չի կարելի արգելել մեր զորքին կրակել, իրավիճակն առանց այդ էլ լարված է»,- ամփոփել է Հայկ Խալաթյանը:
Դավիթ Սարգսյան