Փաշինյան, դուք հաստա՞տ համոզված եք, որ նման ինֆորմացիա հրապարակելը ճիշտ է, տեղին, արդյո՞ք դուք պիտի հայտնեք այդ մասին, ինչու՞ հենց հիմա, հաշվարկե՞լ եք հետևանքները: Փաշինյան, դուք պետական մտածողությունից զուրկ եք, պետության համար դարձել եք արհավիրք՝ ապիկար ուսապարկերի հետ, ձեզ չեն սովորեցրե՞լ դպրոցում կամ ինստիտուտում, որ անվտանգային/հետախուզական գաղտնիք համարվող/պարունակող տեղեկությունը չեն հրապարակում կամ չեն գործածում: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին և անդրադառնալով վերջինի հատարարությանն առ այն, որ «պատերազմի ընթացքում կամավորական ջոկատներից մեկի ներկայացուցիչը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ»:
Գասպարյանը նշել է՝ չգիտի՝ որ թեկնածուն ինչ կխոստանա, ինչ կասի կամ ինչ սուր գնահատական կտա, բայց որ Ադրբեջանն իրոք խաղում է Հայաստանում ընտրական մարաթոնին մասնակցող ուժերի ռեյտինգների հետ, հաստատ է:
«Հենց պետք է լինում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելացնել, սոցցանցեր են հայտնվում մրցակիցներին վարկաբեկող հարյուրավոր նյութեր, հենց Փաշինյանի մրցակիցներին պետք լինի բարձրացնել՝Ալիևը հրահանգում է իր զինվորներին՝ խորանալ Հայաստանի սահմանից ներս և ավելացնել զինվորների քանակը մեր երկրում: Ես վստահ եմ մեկ հարցում՝ հետփաշինյանական Հայաստանում թշնամի պետության զինվորներին ցախավելով ենք քշելու: Խնդիրն այստեղ պետության անվտանգության համար ավելորդ կույրաղիք դարձած փաշինյանական խունտան է, որը չի համարձակվում ագրեսոր պետության դեմ գնալ հստակ քայլերի, դրանով վտանգելով բոլորիս՝ բնակչության ու պետության անվտանգությունը: Իսկ որ հայոց պետության գերագույն գլխավոր քաջ Նազարն իր ձայնալարերը խնայեր, ճղճղալով ելույթներ ունենալու փոխարեն գործ աներ, ներսում քաղաքական հակառակորդներին թշնամի հայտարարելու փոխարեն համարձակվեր ձայն հանել ագրեսոր Ադրբեջանի դեմ, ինչ-որ տեղ կհասկանայինք, որ այս մարդն զգում է կամ գիտակցում է, որ պետության ղեկավար է...ճիշտ է՝ թյուրիմացաբար, բայց դե ֆակտո շարունակելու է մի քանի օր էլ ղեկավարել...գոնե կհասկանա, որ պետության ղեկավար է, ոչ թե մտավոր միջակ ունակություններով և պետությունը միտումնավոր կազմաքանդման տանող կառույցի ղեկավար»,- ասել է Գասպարյանը:
Դիմելով Փաշինյանի՝ Գասպարյանը նշել է. «Փողոցում կերտեցիք ձեր քաղաքական կարիերան: Փողոցից պետական կառավարման գլխավոր գրասենյակ՝ ձեզ հակացուցված էր, ավելին՝ հանցագործություն: Փողոցի բառամթերքը ձեր լեզվամտածողությունն է, Փաշինյան, պետության համար գաղտնիք համարվող ինֆորմացիա հրապարակելը հանցագործություն է, ապիկարություն, անճարակություն, տգիտություն, պարանոյիկ քայլ, դժբախտ ինքնագնահատական և թշնամու քաղաքականության իրականացում: Այդ քայլը՝ այդ ինֆորմացիան հրապարակելն անթերի խեղկատակություն է, էժան PR, որով էլ թշնամուն մատուցելու եք հերթական նվերը՝ քանդելու եք լրտեսական հնարավոր ցանցի հայտնաբերման սխեման: Տգիտությունն էլ չափ ու սահման ունի, որը վաղուց սովորական է դարձել ձեզ համար՝ պետություն կառավարելու հարցում»: