Միացյալ Նահանգների իշխանությունները, թեև Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը համարում են «բարդ դրվագ», կենտրոնացած են Թուրքիայի հետ ամուր դաշնակցային հարաբերությունների պահպանման վրա։ Այս մասին Ատլանտյան խորհրդի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Կուպերը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հենց հիմա ԱՄՆ-ն իսկապես կենտրոնացած է Թուրքիայի հետ մեր ամուր դաշնակցային հարաբերությունների պահպանման վրա։ Այո, C-400-ի հետ կապված իրավիճակը շատ բարդ դրվագ է եղել մեր հարաբերություններում, բայց Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ անդամը, Թուրքիան դեռ ապահովում է իրենց տարածքում ամերիկյան ուժերի տեղակայումը, Թուրքիան շարունակում է նպաստել ՆԱՏՕ-ի գործողություններին»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է առկա տարաձայնությունների պատճառով ճնշում գործադրի Անկարայի վրա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: