Մենք թիմային աշխատանքի շնորհիվ հասանք այս հաղթանակներին, և ովքեր դիտել են խաղերը, հաստատ, կհամաձայնվեն ինձ հետ, որ դաշտում մի թիմ էր, մի ընտանիք էր, մի ամբողջություն էր ու մեր հաջողության գրավականը հենց սա էր: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը:
Հարցին, թե արդյոք ֆուտբոլիստները պլանավորե՞լ էին, որ երեք խաղից հետո հենց Հայաստանի հավաքականն էր խմբում առաջատար լինելու, Հակոբյանը պատասխանեց, որ շատ դժվար է դա պլանավորել, հատկապես, երբ գիտեն՝ երեք հանդիպումներից երկուսը շատ ուժեղ թիմերի հետ է:
Խոսելով հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսի մասին՝ կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը նշեց, որ վերջինս կարողանում բացահայտել ֆուտբոլիստների ունակությունները, չի առանձնացնում անհատներին ու կարևորում է թիմային խաղը: «Այս խաղից առաջ ասաց, որ գնում ենք հերթական ծանր մարտին, որը պետք է անպայման ավարտին հասցնենք: Իմ կարծիքով՝ այս երեք հաղթանակները դեռ սկիզբ են»:
Գրիգորյանը նշեց, որ խաղի ժամանակ, երբ հաշիվը 2:1 էր և դեռ մեր հավաքականը պարտվում էր, դաշտում մի պահ բոլորն ընկճվել են: «Բայց երբ ճնշում գործադրեցինք ու երկրորդ գոլը խփեցինք, ես հավատում էի, որ երրորդն էլ կխփենք: Մեզ համար բոլոր խաղերը կարևոր են, բայց հիմա ավելի կարևոր դարձավ Մակեդոնիայի հետ խաղը, որովհետև այնտեղ ամենակարևորը չպարտվելն է, որ կարողանանք շանսերը պահենք»:
Գրիգորյանի խոսքով՝ կապ չունի, թե որքան ուժեղ թիմերի հետ են խաղալու հետո և վստահաբար պարտված հոգեբանությամբ դաշտ չեն մտնելու: