Future Property աճուրդի տունը 111 700 դոլար նախնական գնով վաճառքի է հանել Շոտլանդիայի արևմտյան ափին գտնվող կղզին, հաղորդում է CNN-ը։
Աճուրդի տան խոսքով՝ Deer Island անունով հայտնի կղզին այն մարդկանց համար է, ովքեր գերադասում են միայնությունը, քանի որ «կղզի ներխուժելու հավանականությունը զրոյական է»։
Նշվում է, որ այն վերջին 500 տարիներին պատկանել է միևնույն ընտանիքին և անմարդաբնակ է եղել։
Մոտակա կղզին՝ Eilean Shona-ն, պատկանում է բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնի քրոջը՝ Վանեսա Բրենսոնին։
«Նրանք դա օգտագործում են իրենց բիզնեսի համար․ այն զգալիորեն ավելի մեծ է, բացի այդ, այնտեղ բնակության համար առանձնատուն կա, որտեղ հանգստանալու են գալիս շատ հայտնիներ»,- աճուրդի տան աշխատակիցը պատմել է CNN-ին՝ հավելելով, որ ի տարբերություն Eilean Shona-ի՝ Deer Island-ը ծածկված է ծառերով, բնակության համար նախատեսված առանձնատուն դեռևս չունի և վերջին 500 տարիներին անմարդաբնակ է եղել։
Սպասվում է, որ մարտի 26-ին կայանալիք առցանց աճուրդում կղզին կվաճառվի 209 000-279 000 դոլարով։