ԱՄՆ Մերիլենդ նահանգի Փասադենա քաղաքում հսկայական ծառն ընկել է ավտոտնակի վրա, ինչի հետևանքով տուժել է 19 մարդ. այս մասին Էնն Արունդելի շրջանի հրշեջ ծառայությանը հղումով գրում է Washington Post-ը։
Նշվում է, որ ավտոտնակում ավելի քան 20 մարդ է եղել: Փրկարարների ժամանման պահին 6 մարդ փլատակների տակ է եղել, 45 րոպե անց նրանց հաջողվել է այնտեղից դուրս բերել:
Ծառայության տեղեկություններով՝ 19 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 2-ը երեխաներ են։
Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս հինգը լուրջ վնասվածքներ ունեն։
Տեղական Capital Gazette պարբերականի տեղեկություններով՝ ավտոտնակում փոթորկից թաքնված մարդիկ նախքան փոթորիկի սկսվելը նշել են երեխաներից մեկի ծննդյան օրը։