Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարում հակահամաճարակաբանական միջոցառումներին չհետևելու համար ֆիզիկական անձանց համար 100, իսկ իրավաբանական անձանց համար 2000 եվրոյից սկսած տուգանքներ են սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կառավարության հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այստեղ բնակչությանն ինֆեկցիոն հիվանդություններից պաշտպանության մասին օրենքում նոր հավելյալ կետեր են ներառվել, որոնք այսօրվանից սկսած կիրառվելու են։
«Ֆիզիկական անձանց 100-ից 2000 եվրոյի չափով տուգանք է սպառնում, եթե վերջիններս չեն հետևում սոցիալական հեռավորությանը, դիմակներ և պաշտպանության համար նախատեսված այլ միջոցներ չեն կրում, կամ այնպիսի օբյեկտ են առանց դիմակ մտնում, որտեղ դրա կիրառումը պարտադիր է»,-նշվում է կառավարության թվիթերյան օգտահաշվում։
Իրավաբանական անձանց համար հակահամաճարակաբանական միջոցառումներին չհետևելու դեպքում տուգանքի չափը տատանվելու է 2000-ից 20 000 եվրոյի, ձեռնարկության պատասխանատու անձանց համար՝ 200-ից 2000 եվրոյի, մասնավոր ձեռնարկատերերի համար՝ 300-ից 6000 եվրոյի սահմաններում։
Չեռնոգորիայի հանրային առողջապահության ինստիտուտի տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 նոր դեպք։ Հունիսի սկզբից վարակակիրների ընդհանուր թիվն այստեղ հասել է 292-ի, որից 3-ը՝ մահվան ելքով։