Բաթումում Թուրքիայի հյուպատոսության մոտ բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները Թուրքիայից պահանջում են Վրաստան արտահանձնել Թուրքիայում դատապարտված «օրենքով գող» Մինդիա Գորաձեին, որն առավել հայտնի է Լավասօղլի Բաթումցի կեղծանունով: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Մինդիա Գորաձեն դատապարտվել է հանցավոր աշխարհին անդամակցելու համար և այժմ կալանքի տակ է պահվում Թուրքիայում: Ակցիայի մասնակիցները սպառնացել են պիկետի ենթարկել հյուպատոսարանի շենքը:
Փաստաբան Լեքսո Կոբաիձեն տեղեկացրել է, որ Լավասօղլիին փակի տակ են պահում գետնի տակ` 4 հարկ խորություն ունեցող բանտախցում, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը խիստ վատացել է:
«Նա գտնվում է 4 հարկ խորությամբ գետնի տակ, նրա առողջական վիճակը ծանր է, պարբերաբար տեղափոխում են հիվանդանոց»,-ասել է Կոբաիձեն:
Մինդիա Գորաձեի գործը կքննվի հունիսի 4-ին Ստամբուլի դատարանում: Բողոքի ակցիայի մասնակիցները հիմնականում Լավասօղլիի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերներն են: Նրանք կարծիք են հայտնել, որ վրացական իշխանությունները չեն ցանկանում, որ Լավասօղլին գտնվի վրացական բանտում:
Մինդիա Գորաձեն Վրաստանում 2018 թվականին դատապարտվել էր կողոպուտի համար, սակայն այդ ժամանակ նա արդեն երկրում չէր: Նրան ձերբակալել են Թուրքիայում, 2019 թվականին: Նրա բանտարկության ժամկետն ավարտվել է այս տարվա փետրվարի 28-ին, իսկ փետրվարի 29-ին որոշում է կայացվել նրան արտահանձնել, որն այդպես էլ ի կատար չի ածվել: Փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ Լավասօղլիին կալանքի տակ պահելու իրավական հիմքերը պարզ չեն:
Ցուցարարները Բաթումում սպառնում են շրջափակած պահել Թուրքիայի հյուպատոսարանը մինչև հունիսի 4-ը: