Միացյալ Նահանգներում ընթացող բողոքի զանգվածային ակցիների ժամանակ ոստիկանությունը մոտ 4100 մարդ է ձերբակալել, հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս թիվը վերաբերում է վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակցիաներին:
ԱՄՆ-ում մեկ տասնյակից ավելի քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը, որոնց պատճառը ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունն է: Բողոքի զանգվածային ակցիաները վերածվել են անկարգությունների: Մասնակիցների դժգոհության ալիքը չի հանդարտվում: Նրանք ջարդուփշուր են անում խանութներ, հրկիզում են շենքեր, տեղի են ունենում ոստիկանության հետ բախումներ:
Ցուցարարներին են միացել մի շարք հայտնի աֆրոամերիկացի աստղեր, այդ թվում նաև հոլիվուդյան դերասան Ջեյմի Ֆոքսը:
Ցույցերը կապված են օրերս սոցցանցերում տարածված՝ 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը, ինչի հետևանքով սևամորթ տղամարդը մահանում է։Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։