Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ գրելով, որ արդեն համոզվում է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ուղղակի իշխանափոխություն, ուրիշ ոչինչ։
«Սիրելի ընկերներ, սիրելի քաղաքացիներ, 2018թ. ես, որպես ՀՀ պահանջատեր քաղաքացի, դուրս եկա փողոց նախկին իշխանությունների դեմ իմ բողոքի ձայնը բարձրացնելու առանց որևէ ակնկալիքի։
Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ ճանապարհ եմ անցել մինչև 2018 թվականը և ինչ խոչընդոտներ ենք հաղթահարել միասին։
Իսկ 2018 թվականն արդեն վերջնական կետն էր` մեր հաջողությունը գրանցելու, որի ժամանակ ես ստիպված եղա 7 օր գտնվել անազատության մեջ։
Եվ, հուրախություն շատերիս, տեղի ունեցավ ՀՀ Քաղաքացու հաղթանակը, ինչից հետո շատ շատերս մեծ սպասելիքներ ունեինք և մեծ հույսեր էինք կապում գործող իշխանության հետ, որը երկրում պետք է արմատական փոփոխություններ մտցներ ամեն ոլորտում։
Բայց «Հեղափոխությունից» արդեն 2 տարի անց մենք տեսնում ենք, որ իշխանական ուժը շեղվել է «հեղափոխական» ծրագրերից, ինչի արդյունքում շատ շատերը, այդ թվում և ես, մեծ հիասթափություն ենք ապրել։
Գործող վարչապետը տարիներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին և բարձրաձայնում էր բազմաթիվ ապօրինությունների մասին։
Բայց այս 2 տարվա ընթացքում չի հաջողվում գեթ մեկ նախկին իշխանականի ենթարկել պատասխանատվության(քրեական)»:
Մազմանյանը նաև նշել է, որ արդեն համոզվում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ուղղակի իշխանափոխություն, ուրիշ ոչինչ, հետևաբար սկսում է քաղաքացիական պայքար, որով կփորձի հիշեցնել այն պահանջները, որոնցով դուրս եկան փողոց և «Հաղթեցին»։
«Պետք չէ թույլ տալ որևէ քաղաքական ուժի Հայ ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանա։
Հնին վերադարձ չպետք է լինի, և պետք է շարժվենք մեր երկրի բարեկեցիկ ապագայի ետևից, այլ ոչ թե անցնենք նրա կողքով»,-գրել է Տիգրան Մազմանյանը։
Հիշեցնենք, որ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը 2018-ի հեղափոխության օրերին կալանավորվել էր։ Նա եղել էր Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային ռադիո մտած քաղաքացիների թվում եւ կալանավորվել էր հենց այդ գործի շրջանակներում։