ՌԴ Սոչի քաղաքի ոստիկաններն ու բժիշկները չեն կարողացել մեկուսացնել կորոնավիրուսով հիվանդ երկու ընտանիքի և հիմա սպասում են դատարանի որոշմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ոստիկանությանը:
Նշվում է, որ սկզբում կորոնավիրուս է ախտորոշվել տարեց ամուսինների մոտ, որից հետո պարզվել է նրանց շփման շրջանակը: Այդ ընթացքում հայտնի է դարձել, որ զույգի բարեկամների շրջանում կան կորոնավիրուսով հիվանդներ: Մասնավորապես, երկու ընտանիքի 5 երեխաների կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական են եղել:
Շտապօգնությունը մեկնել է ընտանիքներից մեկի հասցեով, սակայն մայրը հրաժարվել է, որպեսզի երեխաներին տեղափոխեն ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ ժամանած ոստիկաններին նա ներս չի թողել: Մյուս հասցեում ընտանիքի հայրը հայտնել է, որ կինը երեխաների հետ գնացել է զբոսանքի՝ անհայտ ուղղությամբ: Կինը հեռախոսազանգերին չի պատասխանել:
Ընտանիքներին մեկուսացնել չի հաջողվել, իսկ այդ ընթացքում պարզվել է, որ կորոնավիրուսով հիվանդ են նաև երեխաների ծնողները: Բոլոր հիվանդները կտրականապես դեմ են ինքնամեկուսացմանը, չնայած այն հանգամանքին, որ նրանք վտանգ են ներկայացնում շրջապատի համար: Այժմ նրանց հոսպիտալացումը կիրականացվի դատարանի որոշմամբ: