ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով մարտի 2-8-ը չեն գործի նաև բարձրագույն, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները:
«Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-8-ը:
Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները: Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների աշխատակիցներին»:
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ որոշում է կայացվել գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, տեղափոխել մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ: Նրա խոսքով՝ արձակուրդների տեղափոխությունը վերաբերում է ինչպես դպրոցների, այնպես էլ մանկապարտեզներին, բուհերին և քոլեջներին։