Հնդկաստանի բնակիչ Բուսա Կրիշնան բառացիորեն երկրպագում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ որպես աստծո:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, տղամարդն ամեն օր աղոթում է իր բակում տեղադրված Թրամփի՝ իրական չափսով կառուցված արձանի առաջ, կարմրափոշի քսում արձանին, ինչպես նաև ծաղիկներ դնում իր իսկ ձեռքով պատրաստված խորանի մոտ:
33-ամյա Կրիշնան բնակվում է Տելանգանա նահանգի գյուղերից մեկում: Առաջին անգամ նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել է տարիներ առաջ, երբ նրա նկարը Թրամփի նկարի առաջ աղոթելիս տարածվել էր համացանցում:
Այժմ, երբ Թրամփը երկօրյա այցով գտնվում է Հնդկաստանում, նա կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում նրա նվիրվածությունը չի մարել, անգամ ամրապնդվել է:
«Ես ուզում եմ, որ Հնդկաստան-Ամերիկա հարաբերություններն ամուր լինեն: Ամեն ուրբաթ ես ծոմ եմ պահում Թրամփի երկարակեցության համար: Բացի այդ, ես միշտ ինձ մոտ եմ պահում նրա նկարը, որին աղոթում եմ ցանկացած գործ սկսելիս: Ես կցանկանայի հանդիպել նրան, և խնդրել եմ կառավարությանը իրականացնել իմ երազանքը»,- ասել է Կրիշնան: