Նորածինների մահացության ցուցանիշով Հայաստանը ՅՈւՆԻՍԵՖ-ի վարկանիշում 49-րդ տեղում է
ՅՈւՆԻՍԵՖ-ը հրապարակել է EVERY CHILD ALIVE: The urgent need to end newborn deaths («Նորածինների մահացությունը կանխելու անհապաղ անհրաժեշտություն») զեկույցը, որում բացահայտում է, որ ամեն տարի աշխարհում 2.6 մլն նորածին է մահանում կյանքի առաջին ամսում: Նրանցից 1 մլն-ը մահանում է հենց ծնվելու օրը:
Ինչպես նշվում է մանկական հիմնադրամի կայքում, ևս 2.6 մլն երեխա մահացած է ծնվում: Նորածինների մահացության 80 տոկոսից ավելին պայմանավորված է վաղաժամ ծնունդով, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդություններվ և վարակի պատճառով:
Զեկույցում ասվում է, որ միլիոնավոր երեխաներ կարող են փրկվել, եթե մայրերն ու նորածինները հնարավորություն ունենան որակյալ առողջապահական խնամք, լավ սնունդ և մաքուր ջուր ստանալու:
Նորածինների մահացության ցուցանիշը կարող է տարբեր լինել՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ են ծնվում: Ճապոնիայում գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների մահացության ամենացածր մակարդակը, իսկ Պակիստանում՝ ամենաբարձրը, որտեղ 1000 ծնունդի դեպքում մահանում է 46 երեխա:
Ըստ դասակարգման՝ Հայաստանը ընդգրկվել է ցածր միջին եկամուտ ունեցող երկրների ցանկում, որում 52 երկրի շարքում հայտնվել է 49-րդ տեղում (մահանում է 1000 երեխայից 7-ը): Այս բաժնում է ընդգրկվել նաև Վրաստանը 50-րդ տեղում:
Միջին բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում առաջինը Հասարակածային Գվինեան է (1000-ից 32-ը), իսկ վերջինը՝ Բելառուսը (1000-ից 1.5-ը): Ադրբեջանը 8-րդ տեղում է (1000-ից 18-ը), Թուրքիան 34-րդ տեղում է (1000-ից 6.5-ը):
Բարձր եկամուտ ունեցողներից առաջինը Տրինիդադ և Տոբագոն է (1000-ից 12 երեխա), վերջինը՝ Ճապոնիան (1 երեխա):