ՀՀ-ն մեծ դեր կարող է ունենալ սփյուռքում հայերենի պահպանման հարցում. կրթության փորձագետ
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ սփյուռքում հայկական դպրոցների փակվելուն, հայերենի իմացության նվազմանը՝ ասելով, որ այս խնդիրները կանխելու հարցում շատ մեծ դեր կարող է ունենալ Հայաստանը:
«Մենք սփյուռքից պարբերաբար աջակցություն ենք ստանում, և մեր պետության հիմնական աջակցության ձևերից մեկը սփյուռքին պետք է լինի դրսում հայապահպանությանը նպաստելը, ինչի համար այդ դպրոցները պետք է աջակցություն ստանան, որ չփակվեն: Ճիշտ է, սփյուռքի դպրոցներում իրականացվում է վերապատրաստում, սակայն սփյուռքում հայկական դպրոցներին համալիր աջակցություն չկա, որովհետև միգուցե նաև այն պատճառով, որ Հայաստանում մեր դպրոցները չենք կարողանում նորմալ ֆինանսավորել, դժգոհ ենք նույնիսկ մեր դպրոցների վերապատրաստումից»,- ասաց նա և նշեց, որ այս հարցերը պետք է քննարկվեն, հասկանալու համար, թե ինչ կարելի է անել:
Սերոբ Խաչատրյանը նաև նշեց, որ սփյուռքում հայերենի մոռացություն ունի օբյեկտիվ պատճառներ: «Սփյուռքում էլ է սերնդափոխություն տեղի ունենում և հիմա անգլերենի դերը շատ մեծանում է, և դրսում գտնվող երեխաները ավելի շատ հակված են անգլերենը սովորելուն: Եթե ընտանիքում խոսում են հայերեն, դա գործը հեշտացնում է, իսկ եթե ոչ, երկրորդ լեզուն սովորելը դժվար է, առավելևս, որ հայկական դպրոցները հիմնականում կիրակնօրյա են»,-ասաց նա:
Ըստ նրա, ամեն դեպքում սփյուռքում դպրոցների փակման խնդիրը վտանգ է ներկայացնում, քանի որ լեզուն հայրենիքի հետ կապող բան է: «Չեմ բացառում, որ կարող է մարդ հայերեն չիմանա, սակայն հայրենասեր լինի, բայց լեզուն կարևոր դեր է կատարում: Հիմա պարզապես լեզուների դերը փոխվում է, տեխնոլոգիաները այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ պատկերներն սկսում են լեզուները դուրս մղել, այսինքն՝ մարդիկ նույնիսկ իրենց մայրենի լեզվին կամ այն երկրում, որտեղ ապրում, այդ երկրի լեզուն են վատ տիրապետում»,-ասաց նա: