Հնարավոր է՝ փորձ է արվել, որ մարդիկ, որոնք չեն կարողանում հրաժարվել ծխախոտից, գոնե ֆիլտրով ծխեն. Բ. Պիպոյանը՝ «Չիբուխի» 90 դրամով թանկանալու մասին
«Չիբուխը» ամենամատչելի ծխախոտն էր, միևնույն ժամանակ առողջության ամենաշատ վնաս պատճառողն է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն՝ անդրադառնալով «Չիբուխ» տեսակի ծխախոտի թանկացմանը: Նա այս պահին թանկացման պատճառները չնշեց՝ պատճառաբանելով, որ խորը վերլուծություն այս թեմայով չի արել: Սակայն Պիպոյանը չբացառեց, որ սա ներքին պայմանավորվածության արդյունք է:
«Այո՛, Չիբուխն ամենամատչելի ծխախոտն է, բայց մյուս կողմից այն նաև ամենաթունդ ծխախոտն է, որն ամենամեծ վնասն է պատճառում մարդու առողջությանը: Արդյո՞ք կա քաղաքական կոմպոնենտ այստեղ, թե ոչ, այս փուլում գնահատական տալ չեմ կարող, քանի որ չի բացառվում, որ ձեռք բերված լինի ներքին պայմանավորվածություն, որ առողջության ամենաշատը վնասող ծխախոտի գինը բարձրացնեն, որ մարդիկ գնան այլընտրանքի՝ նախընտրելով ֆիլտրով ծխախոտները: Հնարավոր է՝ փորձ է արվել, որ գինը մոտեցվի, որ մարդիկ, որոնք չեն կարողանում հրաժարվել ծխախոտից, գոնե ֆիլտրով ծխեն: Այսինքն՝ մարդը, որն անֆիլտր ծխախոտ է ծխում, ծխի ոչ թե ցածր գինի պատճառով, այլ նրա, որ ինքը դա է նախընտրում»,- ասաց նա:
Հարցին՝ սա տեղավորվո՞ւմ է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ծխախոտի դեմ պայքարի շրջանակում, ըստ որի, այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից Հայաստանում ծխախոտը 3-4 անգամ թանկանալու էր, Պիպոյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Առողջապահության նախարարություն լծակները բավարար են, սա ավելի քաղաքական է, առնվազն մեկ հարթություն ավելի է: Առաջարկությունը կարող է լինել Առողջապահության նախարարությունից, բայց քաղաքական հանձնարարականն այլ է»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը, անդրադառնալով հարցին, թե շուկայական հարաբերություններում արդարացվա՞ծ է ապրանքի գինը միանգամից մոտ 90 դրամով բարձրացնելը, արձագանքեց, թե հարցն այն է, թե պետությունն ինչ խնդիր են ցանկանում լուծել այդ քայլին գնալով:
«Իրականում, կտրուկ գնալ բոլոր ծխախոտների թանկացման, աշխարհում մի շարք երկրներ կիրառել են: Սա կարող է դժգոհություն առաջացնել, սակայն միայն որոշ ժամանակ հետո պարզ կդառա՝ սպառողի շահերի ոտնահարո՞ւմ էր, թե՝ ոչ: Եթե սա տանում է նրան, որ մարդը ռեֆորմիզացում է, ըստ էության, 1-2 տարվա ընթացքում մարդն ավելի լավ ներքին վիճակ է ձեռք բերում, քան ուներ այսօր, ապա պետության նման գործողություններն արդարացված են: Սակայն մյուս կողմից, եթե որոշ ժամանակ անց մենք կտեսնենք, որ սպառողը զուտ ավելի շատ տուժել է, բնականաբար, այլ հարց է»,- շարունակեց Պիպոյանը:
Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև միջազգային փորձը, բայց տեղայնացնելով: Նա շեշտեց, թե միջազգային փորձն այնպես պետք է կիրառել, որ հասարակության մոտ ցնցումներ չառաջանան:
Հիշեցնենք, որ «Չիբուխ» ծխախոտը վերջին 20 օրվա ընթացքում թանկացել է՝ 160 դրամից 250 դրամ դառնալով: