Դիտորդներն այցելել են Աշտարակ քաղաքի Սիսակյան 1 հասցեում գտնվող «Հայաստան» դաշինքի գրասենյակ։ Տեղում գրասենյակի աշխատակիցը, որը ներկայացել է որպես Կարեն Շահազիզյան, դրսևորել է ոչ կոռեկտ և ագրեսիվ վարքագիծ։ Հատկանշական է, որ այցը և հանդիպումը գրասենյակի ներկայացուցիչների հետ նախապես պայմանավորված են եղել։ Սակայն, երբ դիտորդները մտել են գրասենյակ, ընդունելությունը կրել է ընդգծված թշնամական բնույթ։ Գրասենյակի աշխատակիցը, դիտորդներից պահանջել է փակել դուռը, որից հետո անմիջապես սկսել է բարձր ձայնով բղավել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ և թիրախավորել ինչպես ներկա դիտորդներին, այնպես էլ առհասարակ դիտորդական առաքելությունների գործունեությունը։