Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը նշեց, որ լուրեր են տարածվում ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խիստ կասկածում է, որ ՀՀ-ում լուր կա, որ գործող իշխանությունը կամ իշխող կուսակցությունը ընտրակաշառքների հետ կապված ինչ-որ բան է անում: «Լուրեր տարածվում են ձեզ և մեզ հայտնի շրջանակների հետ կապված: Այդ լուրերի մասին տեղյակ են իրավապահ մարմինները: Բոլոր այն մարդիկ, ովքեր մտադիր են, հույս ունեն հին ավանդույթների տրամաբանությունը վերականգնել, ես անկեղծ ասած, խորհուրդ չեմ տա»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե ապագա համաներումները ընտրակաշառքի հոդվածի վրա տարածվելու են: «Ընդ որում՝ ընտրակաշառք խոստանալն է արդեն համարվում քրեական հանցագործություն: «Ինձ զեկուցել են, որ արդեն կա 3 օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, անձանց շրջանակը պարզված է, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այդ հարցի վերաբերյալ, նրանց նկատմամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ, որոնց մասին նրանք բնականաբար չեն կռահում»,-ասաց նա և վստահեցրեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենց ուժը ընտրակաշառք բաժանելու կասկածներ չունեն ԼՀԿ-ի նկատմամբ, ԼՀԿ-ն էլ՝ իշխանության: Նա կարևորեց, որ իշխանությունը և ընդդիմության մի բավականին մեծ հատված իրար չեն կասկածում՝ ընտրակաշառք բաժանելու մտադրություն ունենալու մեջ: