Առայժմ անորոշ է, թե արդյոք վաղը նախագահականում կկայանա իշխանության և ընդդիմության հանդիպումը։ Նախագահ Արմեն Սարգսյանը երկու օր հայտարարեց՝ շարունակվող քաղաքական ճգնաժամի փոխըմբռնելի լուծումներ գտնելու համար վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին շաբաթ կեսօրին սպասում է նախագահականում։
Խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու իշխանական «Իմ քայլը» արդեն ընդունել էին հանդիպման հրավերը, երբ երեկ երեկոյան հրապարակվեց Փաշինյանի հեռացումը պահանջող Հայրենքի փրկության շարժման խորհրդի հայտարարությունը՝ նախապայմանով, որ պատրաստ են հանդիպման, եթե օրակարգում վարչապետի հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն է լինելու, իսկ հանդիպումներն անցկացվելու են Ազգային ժողովում և ուղիղ հեռարձակմամբ։
Հայտարարությունը տարածվել է Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անունից, որի անդամ է նաև «Բարգավաճ Հայաստանը»։ Բայց Գագիկ Ծառուկյանն անձամբ մինչև այս պահը չի արձագանքել նախագահի հրավերին։ Նրա ղեկավարած կուսակցության ներկայացուցիչների հետ կապ հաստատել հնարավոր չէ։
Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ Ծառուկյանն այսօր հարցազրույց կտա մի քանի լրատվամիջոցների։
Վարչապետի աշխատակազմից երկրորդ օրն է պատասխան հնարավոր չի ստանալ։ Արդյո՞ք Հայրենիքի փրկության շարժման նախապայմանը ընդունելի է իշխանական «Իմ քայլի» համար։
«Առանձին կուսակցությունների հայտարարությունները, որոնք հնչում են այդ հրավերի համատեքստում, մենք այդ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ արձագանքը պետք է լինի Նախագահի գրասենյակի կողմից», - ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ազատության» հարցին՝ եթե Նախագահն ընդունի այդ նախապայմանը, դուք այդ նախապայմանով կգնա՞ք հանդիպման, Մակունցն արձագանքեց․ - «Ես չէի շտապի այս պահին որևէ կերպ արձագանքել, որովհետև, նորից նշում եմ, արձագանքը առաջին հերթին պետք է հնչի Նախագահի գրասենյակի կողմից»։
Միայն «Լուսավոր Հայաստանն» է, որ այս պահին հայտարարում է՝ կգնան հանդիպման ցանկացած ձևաչափով. – «Մեզ համար որևէ բան չի փոխվել էս մասով։ Հանդիպումը կլինի խորհրդարանում, ուղիղ եթերում՝ կմասնակցենք հանդիպմանը, հանդիպումը կլինի նախագահական նստավայրում, փակ ֆորմատով՝ կմասնակցենք հանդիպմանը, հանդիպումը կլինի կառավարությունում՝ կմասնակցենք հանդիպմանը․․․ օդում, ջրում թե ցամաքում մենք կմասնակցենք այդ հանդիպմանը, որպեսզի էս վիճակից դուրս գանք։ Ոչ մի նախապայման չենք դրել։ Իսկ որ հանդիպումը լինի, էնտեղ մեր ասելիքը, բնականաբար, կասենք» (Էդմոն Մարուքյան)։
Նախագահականն էլ առայժմ չի հստակեցնում՝ հանդիպումը կկայանա, թե ոչ։ Հայտարարել են՝ պատասխան ոչ բոլոր հրավիրյալներից են ստացել, հանդիպման ձևաչափի մասին կտեղեկացնեն։ Մինչև այս պահը հայտարարություն չի եղել։