Կորոնավիրուսի համավարակի պարագայում, որն Իտալիայում հանգեցրել է զանգվածային տնտեսական ճգնաժամի, տեղի մաֆիոզային կառույցները սկսել են գումարային օգնություն տրամադրել փոքր և միջին բիզնեսին:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, այս մասին ասվում է Իտալիայի Մաֆիայի դեմ պայքարի քննչական գերատեսչության զեկույցում: Սակայն զեկույցի հեղինակները նշում են, որ սա պարզապես բարի կամքի դրսևորում չէ: Այդպիսով մաֆիան փորձում է իր վերահսկողության տակ պահել «նպաստառուներին», որպեսզի հետագայում նրանց օգտագործի փողերի լվացման համար:
Հանցագործները նախ օգնություն են առաջարկում, իսկ երբ բիզնեսի սեփականատերը համաձայնում է առաջարկին, անցնում են վախեցնելու ավանդական մեթոդներին:
Նյութում նաև նշվում է, որ մաֆիան նույնպես լուրջ վնասներ է կրել կարանտինի պատճառով: Տուժել է գողացված ապրանքների առք ու վաճառքը, նվազել են կողոպուտների, անօրինական արտադրանքի մատակարարումների ծավալները: