«Կան դատավորներ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ են ամեն ինչ անելու. ամբողջ իրավական համակարգը պիտի մոբիլիզացվի, որպեսզի դրսում Քոչարյանի վարքը կարողանան հսկել». Ս. Սաֆարյան
«Ես այն կարծիքին եմ, որ վերաքննիչ դատարանում կան մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի օգտին աշխատելու հակում ունեն, և դրա մասին ամբողջ հասարակությունը գիտի։ Այնպես չէ, որ դա իրենք թաքցնում են։
Մենք գիտեինք, որ երբ գործը Արսեն Նիկողոսյանին էր մակագրվել, մտածում էինք, որ նա այդպիսի քայլ կանի։ Օրենքի տեսանկյունից մտածում էինք, որ գործի բարդությունը, հանգամանքների դասավորությունը, նաև տեղի ունեցող իրադարձությունները, Ռոբերտ Քոչարյանի անուղղակի ազդեցությունը, որոշ հնչեղ պատմություններում դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ իրականացվածը, իմ ու աղջկաս նկատմամբ իրականացվածը և այս ամեն ինչը պետք է դատավորին հուշեր Ռոբերտ Քոչարյանի ազդեցության մասին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով վերաքննիչ դատարանի վճռին, ըստ որի Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց, և նա 2 մլրդ. դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
«Բազմաթիվ կասկածներ կան, որոնք հիմնավոր կասկածներ են և որոնք կարելի է ընդհանուր տերմինով օգտագործել։ Բոլոր այս փաստական տվյալները դատավորի համար գրոշի արժեք չունեին, որովհետև նա իրականում մտադրված է եղել գրավ կիրառելուն։
Նախորդ անգամ նաև դատավոր Ազարյանը քայլ կատարեց, փորձեց հիմնահատակ խնդրին լուծում տալ։ Դա խոսում է այն մասին, որ վերաքննիչ դատարանում կա դատավորների կայուն խումբ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ են ամեն ինչ անելու, և դա իրավունքի հետ կապ չունի, և եթե մեկը փորձի այդպիսի տեսակետ արտահայտել, ես կարող եմ մանրամասնություններ ասել։ Կան ավելի խորքային խնդիրներ, որոնց մասին ես կարող եմ բարձրաձայնել, և կտեսնեք, որ այս ամենը պատահականություն չէ։
Երբ դատավորը վերաքննիչ դատարանում գործը քննում է՝ առաջին ատյանի դատարանի նյութերը չունենալով, և քննում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության շրջանակում, բայց ասում է՝ Եգորյան, դու էլ թղթերդ տուր, Խուդոյան, դու էլ քո նոր թղթերը բեր, և լրացրեք ձեր բողոքներն ու հակափաստարկների հիմքերը, սա խոսում է այն մասին, որ այդ դատավորի համար միևնույն է՝ վերաքննիչ դատարանն ինչ հիմքերի, հիմնավորումների շրջանակում կարող է գործը լսել։ Տեսանելի է, որ քայլ առ քայլ պրոցեսը տանում է, այսպես ասած, իրավունքի ձախողմանը»,- շարունակեց փաստաբանը:
Նրա խոսքերով՝ Գերմանիայի և Հոլանդիայի հայերը, ովքեր ուղիղ հեռարձակմամբ տեսել են Արսեն Նիկողոսյանի պահվածքը, տվել են ուղիղ բնորոշում, նրանք ասել են՝ տպավորություն է, որ ոչ թե դատավոր է, այլ Ռոբերտ Քոչարյանի 3-րդ տղան է։
«Այդ բնորոշումը բավարար է դատավորի համար, որ ինքը հասկանա, որ ոչ թե Սեդա Սաֆարյանն է ասում, որ նա սուբյեկտիվ դատավոր է եղել Քոչարյանի գործը լսելուց, այլ աշխարհն է իրեն այդ մասին ասում։
Եթե մենք ընդառաջում ենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որոնք շատ հաճախ հղում են անում ձևական նկատառումներով, ապա օբյեկտիվ դիտորդների մոտ տպավորություն է եղել, որ Նիկողոսյանն այդ գործով շահագրգռված է եղել և չէր կարող օբյեկտիվ քննություն իրականացնել։
Ես ինձ չեմ ներում, որ իր նկատմամբ բացարկ չեմ հայտնել։ Դատական նիստի վերջնամասում դատախազության մեր գործընկերների հետ քննարկում էինք բացարկ հայտնել, որովհետև այս դատավորը գնալով իր դրսևորումներում ավելի է դառնում սուբյեկտիվ»,- նշեց Սաֆարյանը։
Ըստ փաստաբանի՝ գրավն իրականում Ռոբերտ Քոչարյանի դեպքում կիրառելի չէ, նույն վերաքննիչ դատարանի 2 դատավորներ նման կարծիք ասել են, բայց դրանից հետո ոչինչ չի փոխվել։
«Այն, որ իրենք փորձում են բառախաղով, տառախաղով իրավական գործընթացները մեկնաբանել Քոչարյանի օգտին, իհարկե, դա որևէ կերպ արդարացնող չէ, որովհետև դրանք բացարձակ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի անձի, նրա վտանգավորությանը կամ արդարադատությանը խոչընդոտելու հանգամանքների և մնացյալ այլ հարցերի հետ։ Փաստացի վերաքննիչ դատարանը շարունակում է օրենքին դեմ վճիռ կայացնել։
Այն իրավունքի, որի մասին իրենք բարձրագոչ մտքեր են արտահայտում, բայց իրականում, երբ գալիս է այսպիսի գործերի քննարկման ժամանակահատվածը, որտեղ իրենք պետք է օբյեկտիվ երևան, չեն կարողանում իրենց կապը և կախվածությունը խզել անցյալի հետ, իրենց նշանակողներին չեն կարող թողնել, շարունակում են արդարադատությունը հալածել ժողովրդի կյանքի հաշվին, մեզ համար վտանգավոր իրավիճակներ ստեղծելու հաշվին։ Մի անձի իրավունքներն ու պաշտպանվող շահերը գերակա են դիտում դատավարության 850 վկաների, տուժող կողմերի իրավունքներից։ Այդպես չի կարելի մանևրել իրավունքի դաշտում, և կարծում եմ, որ կգա ժամանակ, և այդ պատասխանատվությունը կկրեն»,- ընդգծեց Սաֆարյանը։
Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում դատախազության կողմից վճիռը բողոքարկելուց հետո, և արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կազդի Մարտի 1-ի գործով քննության ընթացքի վրա:
Հարցին Սաֆարյանն արձագանքեց. «Մենք էլ ենք բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը, բայց չեմ կարող ասել՝ վճռաբեկ դատարանում ինչ իրավիճակ կստեղծվի, որովհետև այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր կոնկրետ տուժող կողմի համար կարող են օբյեկտիվ չլինել։
Երբ նայում եմ այս ծիծաղելի գործընթացին, որը կոչվում է գումարների հավաքման գործընթաց, տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր կապված են գումար փոխանցելու հետ, և վստահ չեմ, որ վճռաբեկ դատարանում հեշտ կլինի այս հարցի լուծումն օբյեկտիվ տալու առումով։ Չեմ ուզում ոչ վատ բան ասել, ոչ լավ։ Մի անգամ արդեն վճռաբեկ դատարանը բեկանել է նման վճիռ»։
Սաֆարյանի կարծիքով՝ քաղաքական և իրավական պրոցեսները խառնվել են իրար, և դրա միակ մեղավորը դատական համակարգն է, որ խառնվել է այս ամենի մեջ։
«Մարտի 1-ը սպեցիֆիկ գործ է, և իր առանձնահատկությունները պայմանավորված են բոլոր ուժային կառույցների, զինված խմբավորումների միասնական մասնակցությամբ։
Իրականում, երբ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ էր, այնպես չէ, որ նա անուղղակի ազդեցություն չուներ դրսում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ։ Ուրիշ խնդիր է անուղղակի ազդեցությունը, ուրիշ խնդիր է ռեալ և անմիջական կոորդինացնելը։
Ամբողջ իրավական համակարգը պիտի մոբիլիզացվի, որպեսզի դրսում Ռոբերտ Քոչարյանի վարքը կարողանան հսկել»,- եզրափակեց Սեդա Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին վերաքննիչ դատարանը բավարարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Անահիտ Չալիկյան
The post «Կան դատավորներ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ են ամեն ինչ անելու. ամբողջ իրավական համակարգը պիտի մոբիլիզացվի, որպեսզի դրսում Քոչարյանի վարքը կարողանան հսկել». Ս. Սաֆարյան appeared first on ԳԱԼԱ.