Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ շաբաթում ապաքինվածների թիվն առաջին անգամ գերազանցել է վարակվածների ցուցանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվը մեկ շաբաթում առաջին անգամ գերազանցել է վարակման նոր դեպքերի ցուցանիշը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով վիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի՝ կիրակի հրապարակած տվյալները:
Հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում շտաբի տվյալներով 55 716 մարդ է վարակվել, 59 661-ն՝ ապաքինվել: Նախորդ շաբաթվա տվյալները 61 291 և 53 319 էին՝ համապատասխանաբար:
Վարակվածների թվի աճը 7 օրվա կտրվածքով կազմել է 10.5 տոկոս՝ նախորդ շաբաթվա 13 տոկոսի դիմաց:
Միևնույն ժամանակ արդեն իսկ բուժված հիվանդների թիվը զգալիորեն աճել է: Եթե նախորդ կիրակի այն կազմել էր մոտ 53 տոկոս, այսօր՝ 58 տոկոս:
Կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 1163-ով: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 8 111 մարդ, վարակվել՝ 584 680-ը, որից 7 728-ը՝ վերջին մեկ օրում: