Հարավային Կալիֆոռնիայում Խաղաղ օվկիանոսի ափերին վերջին ամսվա ընթացքում նկատված կապույտ լուսարձակումը, որը մութն ընկնելուն պես կախարդական տեսարան էր ստեղծում լողափին, վերանում է: Փոխարենը տեղանքը լցվում է գարշահոտով, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կալիֆոռնիական լողափերը մարդկանց ուշադրության կենտրոնում են հայտնվել ջրի արտասովոր կապույտ և գեղեցիկ լուսարձակման շնորհիվ։ Ակնահաճո այս տեսարանները նկարահանվել և հրապարակվել են համացանցում ու մեծ տարածում գտել։
Նշվում է, որ սովորաբար լուսարձակումը տեղի է ունենում ջրի շարժման ընթացքում միկրոօրգանիզմների՝ դինոֆլագելյատների լուսարձակման արդյունքում։ Սակայն այժմ միկրոօրգանիզմները սկսել են քայքայվել, ինչը հանգեցրել է ««կարմիր մակընթացության» և առափնյա հատվածում ծծումբ հիշեցնող տհաճ հոտի տարածմանը։
Նշվում է, որ այս օրերին ալիքները դարձել են մուգ շագանակագույն, իսկ ափերին հայտնվել են սատկած ձկներ։