Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ
18:40
Այս պահին Արարատի մարզպետարանի մոտ լարված վիճակ է: Մարզպետարանի ներկայացուցիչը ցուցարարներին ասաց, որ կարող են բարձրանալ մարզպետարան և խնդրի մասին խոսել մարզպետի հետ:
Ցուցարարներից մեկի ճշտող հարցին՝ քանի՞ հոգով կարող են բարձրանալ, մարզպետարանի ներկայացուցիչն ասաց՝ բոլորով: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ բոլորով չեն կարող բարձրանալ, այդքան տեղ չի լինի, ուստի պետք է մարզպետն իջնի:
Ցուցարարներից մեկն էլ նշեց, որ իրենց խաբել են: «Մեր պատգամավորները մեզ ասել էին, որ ժամը 6-ին գալու են այստեղ, մենք էլ հանդիպելու ենք մարզպետի, կառավարության ներկայացուցչի և պատգամավորների հետ: Ո՞ւր են, ինչո՞ւ չեն եկել: Ես առավոտը չթողեցի մարդիկ փողոց փակեն այս հանդիպման համար, սակայն հիմա մեզ խաբեցին»,- ասաց նա:
Ի վերջո քաղաքացիների հետ զրուցեցին ոստիկանները, ինչից հետո նրանք համաձայնեցին բարձրանալ մարզպետարան՝ հանդիպելու մարզպետի հետ:
17։58
Արարատի մարզի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ խնդիրը լուծելու համար ոչ մի ժամանակ չեն ուզում և դեմ են սպանդանոցների միջոցով մորթ իրականացնելուն։ «Սպանդանոցներին ասում եմ՝ ոչ, չպետք է սպանդանոց լինի։ Փաստացի այսօր գյուղացուն գցում են օլիգարխի գրպանը»,- ասաց նա։
«ՍԱՊԾ պետը այնքան անամոթ մարդ է, որ կանգնում, ամբողջ ազգին խաբում է, ասում է՝ 100 փնթի մսավաճառ է հավաքվել, պարզ պատասխանում եմ, որ փնթի մսավաճառը ինքն է։ Մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք ապրել ենք ուզում, բայց մեր հացը խլել են ուզում»,-նշեց արարատցին։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր զարգացած երկրում սպանդանոց պետք է լինի, բայց դրանից օգտվելը գյուղացուն չպետք է պարտադրեն, որովհետև այստեղ հնարավոր չէ համապատասխան պայմաններ ստեղծել։
Ակցիայի մասնակցի խոսքով՝ նախարարները գյուղատնտեսությունից ոչինչ չեն հասկանում, և նման գործելաոճը ստիպում է, որ ժողովուրդը բորբոքվի և կառավարության դեմ դուրս գա։
18։28
Անասնաբույծներն ու մսավաճառները քիչ անց հանդիպելու են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։ Մինչ հանդիպումը նրանք բողոքի ակցիա են անում։ Գյուղացիներից մեկը լրագրողների հետ զրույցում, դիմելով Կառավարությանը, նշեց՝ «Թողեք գյուղացուն՝ աշխատի, մի խանգարեք, ուզում եք արտագաղթե՞նք»։
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում անասնաբույծներն ու մսավաճառները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ ընդդեմ Կառավարության՝ սպանդանոցների մասին որոշման։ Նրանք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Նշենք, որ անասնապահներն այսօր փակել էին որոշ Ճանապարհներ։
Հանդիպմանը կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։