Հայտնի է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդի անունը. The Guardian
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ է դարձել շարժման գաղափարախոսներից մեկը՝ Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլյան: Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian-ը՝ հղում տալով հատուկ ծառայությունների տվյալներին:
Պարբերականը Ամիր Աբդել Ռահմանին ներկայացնում է որպես «ԻՊ»-ի առաջնորդներից մեկը, ով մտերիմ էր խմբավորման նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հետ: Վերջինիս, հիշեցնենք, ԱՄՆ հատուկ ծառայությունները վնասազերծել էին նախորդ տարվա հոկտեմբերի վերջին Սիրիայի Իդլիբ նահանգում: Պետդեպարտամենտը հայտնում է, որ Ամիր Աբդել Ռահմանը իրաքյան ծագում ունի, ծայրահեղական քարոզիչ է և ալ Բաղդադիի տեղակալներից մեկը:
ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլարի չափով պարգևատրում են առաջարկել տեղեկության համար, որը կօգնի նրան կամ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մտերիմ գործընկերներից որևէ մեկին հայտնաբերելու հարցում:
#BREAKING The Guardian has revealed the profile of the new #ISIS leader - Amir Mohammed Abdul Rahman al-Mawli al-Salbi, one of its forefathers, who was responsible for the Yazidi enslavement pic.twitter.com/tEMm4NjShn
— Guy Elster (@guyelster) January 20, 2020
Ինչպես գրում է բրիտանական պարբերականը` «ԻՊ»-ի նախկին և ներկայիս առաջնորդները դեռ 2004-ին են ծանոթացել Իրաքի ամերիկյան Քեմփ-Բուքքա ճամբարում բանտարկված ժամանակ: Ամիր Աբդել Ռահմանը խմբավորման հիմնադիրներից մեկն է, մասնակցել է դրա գաղափարախոսության ձևավորմանը և մի շարք գործողությունների ծրագրմանը: Թերթի տվյալներով՝ հենց ինքն է հիմք ստեղծել Իրաքի հյուսիսում եզդիների և Նինվեի հարթավայրում քրիստոնյաների ոչնչացման համար:
The Guardian-ի զրուցակիցները հայտնում են, որ խմբավորման նոր ղեկավարը կապեր ունի Թուրքիայում, որտեղ իր եղբայրը «Իրաքյան թուրքմենների ճակատ»(երկուսն էլ պատկանում են նույն էթնիկ խմբին) քաղաքական շարժման ներկայացուցիչ է: Փորձագետները ենթադրում են, որ Ամիր Աբդել Ռահմանը կարող է թաքնվել իրաքյան Մոսուլում, որտեղ նա ավելի վաղ շարիաթի օրենքներն է ուսումնասիրել: