ԱՄՆ-ում Ռեմբո անունով շունը փրկել է տիրոջ կյանքը (լուսանկար)
ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչ Ջոնի ՄքՆայթը պնդում է, որ իր կյանքը փրկել է իր մեկամյա շունը, գրում է KCBD-ն:
Տեխաս նահանգի բնակիչն իր բակի ծառերը կտրելիս է եղել, երբ պատահաբար ձեռքից վայր է գցել բենզասղոցը և վնասել է ոտքը: Կտրվածքը, տղամարդու խոսքով, այնքան խորն է եղել, որ գրեթե հասել էր ոսկորին: ՄքՆայթը ցավից սկսել է բղավել և օգնության կանչել: Նրա գոչյուններին արձագանքել է մեկամյա շունը՝ Ռեմբոն, որը վազել է տիրոջն ընդառաջ:
Շան տերը պատմել է, որ շունը սկսել է օգնել իրեն ոտքի կանգնել: Հենվելով շան վրա՝ ամերիկացին կարողացել է հասնել տուն։ Բակում շունը սկսել է բարձրաձայն հաչել՝ տանտիրոջ կնոջ ուշադրությունը գրավելու համար, որն այդ պահին լոգանք էր ընդունում:
Աղբյուրը գրում է, որ կինն անդադար ու կատաղի հաչոցը լսելով դուրս է շտապել և ամուսնուն այդ վիճակում տեսնելով՝ շտապօգնություն է զանգահարել:
«Ես բախտավոր եմ, որ այսպիսի շուն ունեմ»,- հայտնել է Ջոնին և հավելել, որ շունը փրկել է իր կյանքը:
Ըստ հաղորդման՝ ՄքՆայթի առողջությունը լիովին կվերականգնի առաջիկա շաբաթվա ընթացքում: