Եթե հայտարարում են, որ ժողովրդի իշխանություն են, ուրեմն հանքը շահագործելու որոշումը պետք է լինի հանրային կոնսեսուսի շրջանակներում. ԲՀԿ խմբակցության քարտուղար
Յուրաքանչյուր գործընթաց, որն ունի այսպիսի մեծ հնչեղություն, պետք է լինի միայն և միայն հանրային կոնսեսուսի շրջանակներում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին:
«Քանի դեռ չկա հանրային կոնսեսուս, ոչ մի քայլ, որը հակասում է հանրային տեսլականին, չպետք է լինի: Խնդիրն այն է, որ իշխանությունները, երբ հայտարարում են, որ իրենք ժողովրդի իշխանություն են, դրանից բխում է տրամաբանական եզրակացություն, որ իշխանությունները պարտավոր են այդ երկխոսությունը շարունակել այս կամ այն տարբերակով և ի վերջո հասնել մի որոշման, որն ընդունելի կլինի հանրության համար»,-ասաց նա:
Իսկ թե ընդհանուր քայլերն ինչպե՞ս են պատկերացնում, արդյոք կիսո՞ւմ են օրինակ ՀՅԴ-ի տեսակետը, որ պետք է հանրաքվե անցկացվի, Աբովյանը նշեց, որ յուրաքանչյուր տարբերակ ողջունելի է, որը կբերի հանրային ընդհանուր դիրքորոշման հստակեցման: «Մեխանիզմները տարբեր են, կարևորը կիրառվեն, և ի վերջո լինի հանրային կոնսեսուս հարցի շուրջ:
Քանի որ հայտարարվում է, որ իշխանությունը ժողովրդինն է, պետք է շարունակական լինի, երկխոսությունը չդադարեցնեն: Երկրորդը՝ պետք չէ սահմանափակել ժամանակով և մեխանիզմներով, որքան պետք է, երկխոսեն, և ինչ մեխանիզմներ կլինեն, կիրառեն ընդհանուր հայտարարի հասնելու համար»,-ասաց նա:
Իսկ մինչ այդ, ըստ նրա, ԲՀԿ-ն կլինի հանրության կողքին: «ԲՀԿ-ն միշտ եղել է, կա և մնում է ժողովրդի կողքին»,-ասաց նա և հավելեց, որ կարևորը առճակատման չգնան:
«Շատ կարևոր պահ է, մենք պետք է խուսափենք յուրաքանչյուր քայլից, որ կարող են ջրբաժանն ավելի խորացնել, դրա համար միանշանակ մեր դիրքորոշումը հետևյալն է, միայն ու միայն հանրային կոնսեսուսի արդյունքով է հնարավոր որոշակի քայլեր ձեռնարկել, այլ պարագայում կհանգեցնի լուրջ խնդիրների»,-նշեց նա: