Հայկական կողմը կարող էր «շատ հանգիստ» վաշինգտոնյան հանդիպմանը չգնալ, ասեր՝ եթե նախապայման եք դրել, մենք քննարկելու ոչինչ չունենք․ Մանվել Սարգսյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն այս փուլում կարևոր էր: Նա Tert.am-ի հետ զրույցում այդ կարևորությունը պայմանավորեց վերջին շրջանում լարվածության, սադրանքների նվազեցման անհրաժեշտությամբ:
«Պետք է հիշել, որ լարվածության ֆոնին հայկական կողմը նորից բարձրացրեց շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման հարցը, և երբ դա արեց Ադրբեջանը, մի հայտարարություն արեց, որտեղ շատ նուրբ բան ասաց՝ կարևոր հարցերի մասին բանակցություններ չեն կարող լինել, մինչև հայկական զորքերը դուրս չգան Արցախի տարածքներից: Նրանք այդ նախապայմանն են դրել»,- ասաց նա:
Հիմա, ըստ Մանվել Սարգսյանի, ադրբեջանական կողմը նախապայմաններով է խոսում հայկական կողմի հետ: Նրա խոսքով՝ հակառակորդը, «կարևոր հարցեր» ասելով՝ նկատի է ունեցել նաև շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման գործընթացը:
«Այս դիրքորոշումներով էլ կողմերը գնացին վաշինգտոնյան հանդիպմանը: Երբ ես դիտարկում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը, նկատում եմ, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել․ այդ վեճն է: Նրանք ասել են, որ կարևոր հարցերը քննարկվել են, իսկ դա արդեն նշանակում է, որ Ադրբեջանը համաձայնել է հետ կանգնել իր նախապայմանից, եթե Հայաստանը չպնդի, որ հայտարարության մեջ ներառվի նաև այդ վստահության մեխանիզմների ներդրման հարցը»,- ասաց նա՝ նշելով, որ այլ կարևոր խնդիր հանդիպմանը չի քննարկվել:
Իսկ թե արդյոք հայկական կողմի համար նպատակահարմար էր կրկին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից հետ կանգնելը: Ըստ Մանվել Սարգսյանի՝ հայկական կողմը կարող էր «շատ հանգիստ» վաշինգտոնյան հանդիպմանը չգնար էլ: «Ասեր, եթե նախապայման եք դրել, մենք քննարկելու ոչինչ չունենք: Բայց քանի որ Միացյալ Նահանգներն էր հրավիրել, դրա համար գնացին: Հիմա արդեն կարգավորման գործընթացը բերվեց նույն վիճակին, ինչ կար»,- ասաց նա:
Հիմա, ըստ քաղաքագետի, կարող ենք նաև հիմա ասել, որ բանակցություններ չեն ընթանում, կողմերը միայն իրենց դիրքորոշումներն են ներկայացնում: «Ադրբեջանի հետ հիմա բանակցություններ վարելն անիմաստ էլ է: Վերջին շրջանի նրանց հայտարարություններին ծանոթ ենք, պարզ ասել են, որ հիմա պարզապես միջազգային իրադրությունը նրանց թույլ չի տալիս պատերազմ սկսել»,- ասաց նա:
Մանվել Սարգսյանի նկատառմամբ՝ հայկական կողմը Ադրբեջանին պետք է զրկի պատերազմական գործողություններ սկսելու բոլոր տեսակի իրավունքներից և հնարավորություններից:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ արտգործանախարարների հետ հանդիպմանը՝ Մանվել Սարգսյանը նշեց, որ այն կարևոր էր, եզրակացրեց, որ կարևոր քննարկումներ են եղել:
«Այդ հանդիպմանն արդեն ԱՄՆ-ի տեսակետն է քննարկվել, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբինը: Իսկ ԱՄՆ-ը տարածաշրջանում խաղաղության կողմնակիցն է»,- ասաց նա: