Բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները. Ոստիկանություն
Հաղորդագրությունում նշվում է, որ մասնավորապես, ըստ նախնական տվյալների, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2014 թվականին Ձորակապ համայնքի նախկին ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի կնիքով վավերացրել է կեղծ քաղվածքներ:
Նույն թվականին նա կեղծ բովանդակությամբ գրություններ է հասցեագրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարին, իբրև, Ձորակապի գյուղական խորհրդի կոմիտեի 1991 թվականի համապատասխան որոշմամբ «Սառնաղբյուրի խաչմերուկ» կոչվող հանդամասից տարբեր մակերեսներով երկու հողամաս է հատկացվել համայնքի մի բնակչի: Դրանց հիման վրա բնակիչն այդ հողատարածքների նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքով ձեռք է բերել իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր է կնքել և ստացել է շուրջ 84 միլիոն դրամի փոխհատուցում:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության: