ԿԲ ներկայացուցիչներն «Իմ քայլ»-ի պատգամավորների հետ քննարկել են գյուղատնտեսական ապահովագրության հետ կապված հարցեր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում հանդիպել են Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ խորհրդարանականների հետ քննարկել են գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված հարցերը, քանի որ մշակվում է մշակաբույսներին տարբեր տեսակի ռիսկերից ապահովագրելու համար ապահովագրական գործիք ։
«Զուտ աշխատանքային քննարկում է եղել, հստակ է մի բան՝ մշակվում է ապահովագրական գործիք գյուղատնտեսությունում ներդնելու համար, մշակաբույսերը տարբեր տեսակի ռիսկերից ապահովագրելու համար՝ կարկտահարություն, ցրտահարություն և այլն»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը զուտ աշխատանքային է եղել, բայց ծավալվել են քննարկումներ՝ գյուղատնտեսության ապահովագրության ներդրման հետ կապված, որտեղ էլ ԿԲ ներկայացուցիչները պատգամավորներին գյուղատնտեսության ոլորտում ապահովագրման ներդրման իրենց մոդելն են ներկայացրել։
«Կամավոր ապահովագրություն է, ինչպես և ցանկացած տեսակի կամավոր ապահովագրություն»,- ներկայացրեց նա՝ հավելելով, որ ժամանակը ցույց կտա՝ ինչպես կզարգանա գյուղատնտեսության ապահովագրությունը:
Ըստ նրա՝ պատգամավորները բավականին հետաքրքիր առաջարկներ են ներկայացրել, որոնք կարելի է հաշվի առնել ապահովագրության մեջ։ Սակայն այս պահին Անդրանիկ Գրիգորյանը դժվարացավ ասել, թե ապահովագրությունն ինչ մասշտաբի կլինի։
Ինչ վերաբերում է հարցին, թե, ի վերջո, համակարգը երբ կներդրվի, Գրիգորյանը պատասխանեց․ «Այս պահին աշխատանքները շարունակվում են, հաշվարկներ են իրականացվում, որպեսզի նորմալ ապահովագրական պրոդուկտ մշակվի՝ հասանելի գյուղացիական տնտեսություններին։ Հուսով եմ՝ մոտ ապագայում գյուղատնտեսության ապահովագրություն կլինի»։
ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը բնական է համարում այն, որ ապահովագրությունն իրականացվի մասնավոր ապահովագրական ընտրությունների կողմից։