ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ընթացող բանավեճը կրակոց է դատարկ փամփուշտով. խորհրդարանական քննարկումները պետք է ընթանան եռակողմ. Գարիկ Քեռյան
Դեռևս վաղ է գնահատել նոր ձևավորված խորհրդարանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի աշխատանքի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել խորհրդանշանական 100 օրից հետո:
«Խորհրդարանը պետք է գնահատվի ոչ թե առանձին պատգամավորների ելույթներով, նրանց կողմից թույլ տրված լեզվի սայթաքումներով, այլ 70 տոկոսով թարմացված պատգամավորական կորպուսի օրինաստեղծ լինել-չլինելու բնույթով: Առաջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ պատգամավորները մեծ ցանկություն ունեն հարցադրումներ հնչեցնել, ելույթներ ունենալ, ինչը չէր կարելի ասել նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորների մասին: Կային պատգամավորներ, որոնք տարիներ շարունակ մեկ ելույթ անգամ չէին ունեցել: Բայց ակտիվությունը մեկ այլ բան է, կենսական օրենքների ընդունումը՝ մեկ ուրիշ բան»,- նշեց Գ. Քեռյանը:
Վերջինս ասաց, որ խորհրդարանում գնահատական պետք է տրվի օրենքի կիրառելիությանը, «ոչ թե գեղեցիկ գրված օրենքին»: «Հայաստանը օրենքների տակ ճկռած երկիր է: Կան օրենսդրական ակտեր, որոնք կիրառելի չեն, բայց կան: Օրենսդրական աշխատանքում փորձի պակասությունը, որը առկա է գործող խորհրդարանի մեծ մասի մոտ, կարող է մտահոգություն առաջացնել»,- հավելեց քաղաքագետը:
Գարիկ Քեռյանն ասաց, որ եթե մեկ հարցի շուրջ ԱԺ-ն գումարում է 4-օրյա նիստ, եթե հարցը կարելի էր քննարկել 1 ժամում, դա նշանակում է, որ խորհրդարանն ակտիվ է, որովհետև բոլորն են ցանկացել արտահայտել իրենց տեսակետը, բայց արդյո՞ք դա այդ հարցն է, որի շուրջ արժեր նման քննարկում անցկացնել:
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին, ապա Գ. Քեռյանը նշեց, որ շատ տխուր կլինի, եթե այս երկու ուժերը իշխանության հետ մրցակցելու փոխարեն մրցակցեն իրար հետ:
«Քանի որ կա քաղաքական մեծամասնություն, նրանք կարող են մի կողմ քաշվել, հանգիստ դիտել ԼՀԿ-ԲՀԿ մենամարտը, հետո ընդունել այն, ինչ իրենց պետք է: Ուստի քննարկումները պետք է լինեն եռակողմ: Ցանկալի չէ, որ ընդդիմադիր ուժերն իրար ընդհարվեն, սուր հարաբերություններ ունենան, հատկապես, երբ ԱԺ-ում կա 3 քաղաքական ուժ: Լավ կլինի, որ ընդդիմությունը միասնաբար լինի օպոնենտ քաղաքական մեծամասնությանը: Նրանց միջև ընթացող բանավեճը կրակոց է դատարկ փամփուշտով»,- ավելացրեց Գարիկ Քեռյանը: