Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, Tert.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ ասելով. «Դեռ ճանապարհին է, տուն չի հասել»:
Նա հավելեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությանը, ապա Նազիկ Ամիրյանն ասաց, որ նույն վիճակում է գտնվում, առողջական վիճակը չի կարգավորվել, ամեն ինչ պարզ կդառնա, երբ տուն կհասնի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված բժշկական փորձաքննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նրա խոսքով՝ բացահայտվել է Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա: Արման Թաթոյանը նաև նշել էր, որ Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցի արդյունքում համապատասխան գրություն են ուղարկել թե իրավապահներին և թե Արդարադատության նախարարություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացրել էր: Դատարանը Մարինե Մելքոնյանի նախագահությամբ բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երրրորդ անգամ էր նրա կալանքի ժամկետը երկարացրել: