ԵԱՏՄ-ում հավանության չեն արժանացրել գազի միասնական շուկա ստեղծելու գործընթացն արագացնելու Մինսկի առաջարկը
ԵԱՏՄ կազմում Բելառուսի գործընկերները հավանության չեն արժանացրել գազի միասնական շուկա ստեղծելու տեմպերն արագացնելու Մինսկի առաջարկը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ուրբաթ Մինսկում հայտարարել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը:
Բելառուսի կառավարությունն իր գործընկերներին առաջարկել էր արագացնել միասնական էներգետիկ շուկաների ստեղծման գործընթացը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն Լեոնիդ Շենեցը հայտարարել էր, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկան մասնակից երկրների կամքով կարող է գործարկվել 2023 թվականից 2025-ի փոխարեն, ինչպես նախատեսվում է ներկայում, սակայն դրա համար համապատասխան քայլեր է անհրաժեշտ կատարել:
«Մենք նման առաջարկ ունեինք: Մենք միշտ ասել ենք, որ պետք է համաձայնեցնել էլեկտրական էներգիայի, գազի, նավթի շուկաների ստեղծման ընթացքն ու ժամանակը: Մենք նման առաջարկներ էինք ուղարկել, սակայն դրանք դեռևս չեն հաստատվել»,- ասել է Կարանկևիչը: