Վստահեցնում եմ՝ տեղական տուրքերի և վճարների բարձրացումը չի բերի որևէ բիզնեսի խաթարման. փոխքաղաքապետ
Երևան քաղաքի 2019 թ.-ի բյուջեով նախատեսվում է բարձրացնել տեղական տուրքերը և վճարները: Մասնավորապես, ոչ հիմնական շենքերի և շինությունների շինթույլտվության համար տեղական տուրքը մոտ 40 տոկոսով է ավելացվել, իսկ վառելիքի լիցքավորման կայանները ներկայիս 350 հազար դրամի փոխարեն համայնքին տարեկան կվճարեն 600 հազար դրամ:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը վստահեցնում է, որ որևէ բենզալցակայան չի ունենա գնի այնպիսի տատանում, որը կբերի բիզնեսի խաթարմանը: Ըստ նրա՝ այն բեռը, որը ենթադրում է սահմանաչափերի բարձրացում, աննշան փոփոխություն է առաջացնելու բիզնեսների համար:
«Մենք վերցրել ենք որպես հաշվարկի բազա քաղաքում ամափոքր, մեկ լցակետ ունեցող, տնտեսապես ամենավատ գոտում գտնվող բենզալցակայանի շրջանառության տվյալներ: Միջին օրական վաճառքը նման լցակայանում 400-500 լիտր: Պարզ թվաբանական հաշվարկով եթե ավելի 250 հազար դրամը բաժանում ենք օրական ծավալի վրա, դա 1.35 դրամ 1 լիտրի վրա բեռ է առաջացնում՝ 450, 430 գնի պայմաններում»,- ասաց նա:
Մինչդեռ, փոքր և մեծ վառելիքի լիցքավորման կետերում տուրքերը ավելացել են նույն չափով. «Այո, այստեղ կա անհամաչափ բաշխում, բայց դա Երևան քաղաքի լիազորությունների տիրույթում չէ և այդ բաշխումն օրենքով է՝ միանման տուրք թե' փոքրի, թե՛ մեծի համար»,- ընդգծեց Հայկ Սարգսյանը: