Պետք էր ակնկալել հենց 5.5-6 % տնտեսական աճ. Բագրատ Ասատրյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անցնող 2018թ.-ը դրական է գնահատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ասատրյանն ասել է դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Անցնող տարվա տնտեսական ցուցանիշները սպասվածի շրջանակներում էին: Տնտեսության մեջ որոշակի կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում, և բնական է, որ կես տարվա մեջ տնտեսությունում մեծ թռիչք, մեծ զարգացում ակնկալել պետք չէր: Պետք էր ակնկալել հենց 5.5-6% տնտեսական աճ տարվա արդյունքներով»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով` նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է ուսումնասիրի ու հետևություններ անի այս ցուցանիշների թե՛ դրական, թե՛ բացասական կողմերից:
«Բացասական կողմերի մեջ արտաքին առևտրի համամասնությունների էական փոփոխությունն էր: Այս տարվա արդյունքներով ներմուծման աճի տեմպերը մի քանի անգամ գերազանցել են արտահանման աճի տեմպերին: Պետք է ուշադրություն դարձնել նաև գյուղատնտեսության ոլորտին: Մշակող արդյունաբերության ավելի բարձր տեմպ ունենք, արտադրություններ, որոնք ավանդական են եղել Հայաստանի համար ու առաջիկայում էլ պետք է այս ոլորտները զարգանան: Մոտենում ենք մի նոր սահմանագծի, որը լինելու է նոր կառավարության ձևավորումը, նոր ծրագրի մշակումը, որովհետև նորացված իշխանությունն այդպես էլ չկարողացավ գտնել այն տեսլականը, որը երկիրը առաջ կտանի: Այս տարվա պետական բյուջեն նախկինի ու նորի խառնաշփոթ տարբերակն էր: Առաջնայինը լինելու է այն ծրագիրը, որով հանդես է գալու նոր կառավարությունը»,- նշեց Ասատրյանը:
Բագրատ Ասատրյանը տարին դրական է համարում նաև քաղաքական առումով՝ նշելով, որ երկար դադարից հետո ունենք ընտրված Ազգային ժողով: